Ինտերնետի զարգացումն արբանյակային դարաշրջան է մտնում

Արբանյակային ինտերնետը մալուխային ինտերնետի այլընտրանքն է։ Այն կիրառելու առաջին անհրաժեշտությունն ազատ հաճախականությունների առկայությունն է, առավելությունը՝ աշխարհագրական սահմանափակումների բացակայությունը։

Ի՞նչ կշահի Հայաստանը արբանյակային ինտերնետի ներդրմամբ եւ ի՞նչ մարտահրավերների առաջ կհայտնվի։ Այս հարցերի շուրջ էր մասնագիտական շրջանակի քննարկումներից մեկը՝ Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովում (ArmIGF-2022)։

«Արբանյակային ինտերնետը նույն արագությունը կարող է ունենալ երկրի ողջ տարածքում, քանի որ արբանյակային ազդանշանը նույն չափով հասանելի է երկրի ե’ւ բարձրադիր, ե’ւ ցածրադիր վայրերում։ Պարզապես պետք է ցամաքային կայանների ցանց ստեղծել։ Այդ կայանների գործը արբանյակների ազդանշանը ընդունել ու սերվերներին փոխանցելն է»,- պարզաբանել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը։

Արբանյակային ինտերնետի ներդրումը ենթադրում է բազմաբնույթ խնդիրների լուծում, որը պահանջում է ինչպես պետական մոտեցում, քանի որ հարցն առնչվում է Հայաստանի համար գերկարեւոր՝ անվտանգային ոլորտին, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների մասնակցություն։

«Արբանյակային ինտերնետի ներդրման համար անհրաժեշտ հաճախականությունների տիրույթն անսահմանափակ չէ։ Եվ որքան էլ առաջավոր համարենք արբանյակային ինտերնետին միանալու գաղափարը, նախ պետք է հասկանաք՝ հնարավոր է արդյոք անհրաժեշտ հաճախականություններ ազատել։ Այսօր դրանց մի մասն օգտագործվում է պետական գերատեսչությունների կողմից, այդ թվում` պաշտպանության եւ անվտանգության կարիքների համար»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեռահաղորդակցության վարչության պետ Կարեն Գրիգորյանը։

Այնուամենայնիվ մասնագետները փաստում են, որ արբանյակայինը որոշ չափանիշերով զիջում է լայնաշերտ ինտերնետին։ Օրինակ՝ ազգային կարգավորիչները չեն կարող ֆիլտրեր կիրառել անցանկալի ռեսուրսների դեմ, այդպիսի հնարավորություն կունենա միայն օպերատորը։ Բացի այդ արբանյակային ինտերնետով ավելի երկար է տեւում կայքի բեռնման ժամանակը (latency):

Թվարկվածը, «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության “Low Earth Orbit արբանյակ” նախագծի ղեկավար Դեն Յորքի խոսքով, ժամանակավոր է. «Ինտերնետ կապի արագությունը կարող է աճել՝ բազում նոր արբանյակներ են դուրս գալիս ուղեծիր։ Դրանք արձակվում են ոչ թե մեկ առ մեկ, այլ հազարավոր «համաստեղություններով» (constellations)։ Արդեն 16 ընկերություն նման «համաստեղություններ» արձակելու հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միությանը (ITU)»։

«SpaceX»-ին պատկանող «Starlink» նախագծից բացի արբանյակային ինտերնետի իր ցանցն է գործարկել նաեւ «OneWeb» ընկերությունը, «Amazon»-ն էլ պատրաստվում է նույնն անել։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայում քննարկումներ է անցկացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ արբանյակային ինտերնետի ներդրման հեռանկարների ու դրա հետ կապված տեխնիկական եւ այլ խնդիրների լուծման նպատակով։ Գերատեսչությունը եկող տարեվերջին արդյունքներ արձանագրելու ակնկալիք ունի։

 

Բաժնի նյութերը