«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը եւ հայաստանյան կոմերցիոն ինտերնետը հասակակիցներ են։  

Կոմերցիոն ինտերնետը Հայաստանում սկիզբ է առել 1992-ին:

«Ինտերնետ հանրությունը» գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ 1995-ին։

Մինչ այդ՝ 1993-ին հիմնադրվել է առաջին հայկական վեբ սերվերը՝ www.arminco.com։

Երկիրը ներկայացնող առաջին սեփական դոմենային տիրույթի՝ .am-ի ստեղծումը հնարավոր է դարձել INET93 միջազգային համաժողովին Հայաստանի մասնակցությունից հետո։ Համաժողովում հայտարարված հիմնական պահանջների բավարարման եւ ազգային դոմեն ստեղծելու նպատակով կազմվել է մասնագիտական նախաձեռնող խումբ։ Վերջինիս աշխատանքի արդյունքում էլ գրանցվել եւ գործում է «Ինտերնետ հանրությունը» (ISOC):

«Ինտերնետ հանրության» ստանձնած գործառույթները քննարկվել են INET95 երրորդ միջազգային համաժողովում։ 1996-ին այն IANA-ից ստացել եւ ԱՐՄԻՆԿՈՅԻ ղեկավարության ներքո ստեղծված Հայկական տեղեկատվական ցանցի կենտրոնին (AMNIC www.amnic.net) է հանձնել վերին մակարդակի .am դոմենային տիրույթը կառավարելու իրավունքը։ 

Ներկայումս AMNIC-ը գործում է «Ինտերնետ հանրության» կազմում, ունի առանձին համակարգ եւ ուղղակիորեն իրականացնում է աշխատանքները հայկական դոմենների կառավարման գործընթացում:

.am դոմենային տիրույթի պաշտոնական թողարկման օր է համարվում 1994-ի օգոստոսի 26-ը։ .am տիրույթը ներկայում կայուն եւ արդյունավետ կերպով զարգանում է։ Համաշխարհային զարգացումներին համընթաց ISOC-ը ստեղծել է նաեւ .հայ տիրույթը։ Հայատառ այս դոմենը գործարկվել է 2016-ի մայիսի 5-ին:

IANA-ի գործառույթները, ինտերնետի զարգացման արդյունքում, 1998-ին փոխանցվել են նորաստեղծ ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) կորպորացիային։ 2000-ին վերջինս վերահաստատել է  ազգային դոմենների կառավարման իրավունքը, իսկ 2007-ին ISOC-ի եւ ICANN-ի համագործակցությունն ամրագրվել է հավատարմագրով։

«Ինտերնետ հանրությունը» Հայկական ինտերնետ թրաֆիկի փոխանակման ARMIX հիմնադրամի  ստեղծողներից մեկն է։ ARMIX-ը դյուրացնում է Հայաստանում տեղեկատվական ծառայությունների  մատակարարների միջեւ ինտերնետ-թրաֆիկի փոխանակումը, ապահովում է հայաստանյան ինտերնետ տիրույթի ինքնուրույնությունը, նպաստում՝ միջազգային կապուղիների հետ հաղորդակցությանը:

ISOC-ն անդամակցում է երեխաներին օնլայն սպառնալիքներից պաշտպանող նախագծին (www.safe.amԱնվտանգ ինտերնետ  բովանդակության զարգացմանն օժանդակելու նպատակով ստեղծել է հայկական ինտերնետի մոնիտորինգի խումբ, որը ժամանակակից ցանցային տեխնոլոգիաների կիրառմամբ վերլուծում է կայքերը, իրականացնում վարկանշային գնահատում։

Այսպիսով, «Ինտերնետ հանրությունը» որոշակիորեն խթանում է Հայաստանում ինտերնետի բովանդակության զարգացումը, որակի բարելավումը, օժանդակում՝ ինտերնետի հայկական տիրությում եւ ինտերնետ հանրությունում էլեկտրոնային ժողովրդավարության, էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային կրթության ու հրապարակայնության զարգացմանը:

«Ինտերնետ հանրությունն», անդամակցելով բազմաթիվ միջազգային կառույցների, հետեւողականորեն նպաստում է Հայաստանում ինտերնետի տարածմանը, ապահովում է ինտերնետի ազգային ենթակառուցվածքի՝  հատկապես ազգային դոմենային անունների սերվերների կայունությունն ու հուսալիությունը։ Իրականացնում է ինտերնետի զարգացման եւ առցանց գրագիտության տարաբնույթ ծրագրեր։ 

Կազմակերպության գործունեության շրջանակում է նաեւ հայկական սեգմենտի արդիականացնումը, անվտանգության նոր չափորոշիչների (DNSSEC), IPv6-ի արձանագրման հասցեավորման նոր տարբերակի ներդրումը, ինչպես նաեւ ազգային դոմենային տիրույթի զուգահեռ սերվերների ստեղծումը։