ArmIGF՝ ինտերնետ կառավարման համշխարհային գործընթացներին մասնակցելու միջավայր

Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը՝ (ArmIGF-2022) որպես երկխոսության ու համագործակցության բաց, ներառական հարթակ, նոյեմբերի 10-ին մեկտեղել էր ինտերնետ կառավարմանն առնչվող բոլոր ոլորտների ներկայացուցիչներին՝ Հայաստանից եւ արտերկրից։

«ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խումբը կազմակերպել էր ArmIGF-2022-ը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։

«Վեբ միջավայրում մեր անվտանգ ներկայությունը նույնքան կարեւոր է, որքան կյանքում։ Պարտավոր ենք հետ չմնալ ինտերնետի նորամուծություններից եւ զուգահեռ ստեղծել կիբերբանակ։ Ինտերնետում հայկական միջավայրը նույնպես հայության անվտանգության գոտին է։ Արդեն 7 տարի կազմակերպելով Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովներ՝ փորձում ենք լայն ընդգրկման քննարկումներով նպաստել ոլորտի նորամուծությունները մեր երկրում կիրառելուն եւ, իհարկե, վտանգները համատեղ կանխելուն», — ողջունելով ArmIGF-2022-ի մասնակիցներին՝ ասել է ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

ArmIGF-2022-ի թեմատիկ քննարկումների ընթացքում ինտերնետ կառավարման ոլորտին առնչվող մասնագիտական խմբերը անդրադարձել են ինտերնետի զարգացումներին, արդիական տեխնոլոգիաները Հայաստանում կիրառելու հեռանկարներին եւ մարտահրավերներին։

Ինտերնետի զարգացումն արբանյակային կապի դարաշրջան է մտնում։

Ինտերնետի մասնատումը դառնում է համաշխարհային մարտահրավեր։

NFT դոմենները TLD դոմենների համար մրցակցային, թե՞ համագործակցության դաշտ կդառնան։

Լայնաշերտ ինտերնետի ապահովումը նպաստավոր է խոցելի խմբերին աջակցելու հարցում։

Համացանցում տեղեկատվության կառավարումը եւ իրավական կարգավորումները ինչ զարգացումներ կարող են բերել։

Այս թեմաների քննարկումներով ArmIGF-2022-ում ճշգրտվել են ինտերնետի համաշխարհային միտումները եւ դրանց համատեքստում Հայաստանում ինտերնետի զարգացման հնարավոր ուղիներն ու խնդիրների հաղթահարման եղանակները։

«Համաժողովի արդյունքներից դատելով՝ կարող ենք ասել, Հայաստանում մասնագիտական շրջանակները տեղյակ են ինտերնետի զարգացումներին եւ դրանցից բխող մարտահրավերներին։ Մասնավոր հատվածում արձագանքն ավելի օպերատիվ է։  Պետությունը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ։ Կարեւոր է նաեւ փոխգործակցության ընդլայնումը եւ նպաստավոր ռազմավարությամբ ինտերնետի զարգացման ընթացքն ապահովելը»,- նշել է ԻՀ ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։

Տարեկան հանդիպումների ձեւաչափով կազմակերպվող համաժողովի հստակեցումները հասցեագրվում են համապատասխան ատյաններին՝ ի նպաստ ինտերնետի կառավարման արդիական մարտահրավերների նախանշման ու դրանց համընդհանուր լուծումների մշակման։

 

Facebook
Twitter

Բաժնի նյութերը