Հայաստանն առանձնանում է աշխարհում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածությամբ

«Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները, միանալով Girls in ICT-2022 միջազգային արշավին, այսօր՝ ապրիլի 28-ին, հրավիրել էին «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն եւ անվտանգություն» համաժողովը:

Հայաստանն արդեն 5-րդ անգամ միանում է Girls in ICT միջազգային արշավին, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներում այս տարի ապրիլի 28-ին գումարվել են համաժողովներ, կազմակերպվել տարբեր ձեւաչափի միջոցառումներ։ Ամեն տարի տեղի ունեցող արշավի նպատակը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությանն անդրադառնալն է, դրա խթանումը։

Երեւանում տեղի ունեցած «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն եւ անվտանգություն» համաժողովին հրավիրվել էին մասնակցելու Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ինչպես նաեւ՝ ծնողներ։

Հայաստանն աշխարհում առանձնանում է որպես երկիր, որտեղ կանանց ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում զգալիորեն մեծ է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 40%: Աշխարհում այս ցուցանիշը միջինում կազմում է ավելի քան 20%։

Համաժողովի բանախոսներն անդրադարձան համացանցում հաճախ հանդիպող վտանգներին, մասնավորապես, դեռահասների շրջանում հաճախ պատահող բուլինգին՝ թիրախավորմանը, որն առցանց տիրույթում նույնպես լուրջ խնդիր է։ Անվտանգության հիմնահարցերն ու ապահով գործելու հնարավորությունները եւս համաժողովի քննարկման թեմաներից էին։

Ներկայացվեցին STEM կրթության`գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտներում նորարար մի շարք ծրագրեր, որոնք իրականացնում են  մասնագիտական ընկերություններն ու կազմակերպությունները։ «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների ArmSIG` Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը եւս պարբերաբար կազմակերպվող կրթական ծրագրերից է։ Ընդ որում, այն բաց է բոլորի համար, մասնակիցները  հնարավորություն են ունենում տեղեկանալու տարբեր նպատակներով ինտերնետի արդյունավետ կիրառման մեթոդներին։

Ի դեպ, չնայած մեր երկրում կանանց ներգրավվածության առումով ներկայիս դրական ցուցանիշների, ըստ 2021-ի Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային զեկույցի՝ STEM կրթության մեջ կանանց և աղջիկների ներգրավվածությունը Հայաստանում կազմում է ավելի քան 10%, իսկ տղաներինը՝ ավելի քան 22%։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը