Հայաստանում ինտերնետի տարածման առաջին քայլերի մասնակիցներից է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն:
Առաջինը եւ որոշ ժամանակ միակն էր, որ տալիս էր էլ․ փոստ եւ սեփական վեբ էջեր ունենալու հնարավորություն՝ 1997-ին գործարկելով Freenet.am դոմենը։
2009-ից ԻՀՀԿ-ում գործում է ինֆորմացիոն անվտանգության կենտրոն` CERT։ Կենտրոնը հետեւում է տեղեկատվական անվտանգության իրավիճակներին եւ արձագանքում տեղեկատվական սպառնալիքներին։ CERT-ը համագործակցում է Հայաստանի գիտակրթական ցանցի նմանատիպ կենտրոնի AM NREN CSIRT հետ:
2007-ին կազմակերպել է «Հայ ազգային գիտահետազոտական եւ կրթական ցանցեր. ձեռքբերումներ, խնդիրներ եւ լուծումներ» դասընթացը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ ՆԱՏՕ-ի դրամաշնորհով։
2009-ին ԻՀՀԿ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել տարածաշրջանային համայնքային ինտերնետ կենտրոնին, որը ստեղծվել է ՀԱՀ-ի դրամաշնորհով։
Գործունեության ավելի վաղ շրջանում Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) եւ Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) դրամաշնորհներով ԻՀՀԿ-ում ստեղծվել է ուսումնական կենտրոն, որտեղ շուրջ 700 մարդ մասնագիտացել է որպես ցանցային ադմինիստրատոր, վերապատրաստվել են Հայաստանի մարզերում ԲՀԻ-ի հիմնած 20 հեռակենտրոնների մենեջերներ ու սպասարկող անձնակազմ։
ԻՀՀԿ-ն, մասնակցելով “e-rider” շարժմանը, մարզային դպրոցներին, գրադարաններին ու ՀԿ-ներին տրամադրել է տեխնիկական աջակցություն։