Ինտերնետ կառավարման համաշխարհային 17-րդ համաժողովը` IGF-2022-ը կայացել է Եթովպիայում՝ «Կայուն ինտերնետ՝ համընդանուր եւ հաստատուն ապագայի համար» խորագրի ներքո։ Համաժողովը մեկտեղել էր ինտերնետ կառավարմամբ հետաքրքրված համայնքի ներկայացուցիչների՝ ավելի քան 175 երկրից։
IGF-2022-ի 1000 բանախոսները նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը 300 թեմատիկ քննարկումներում անդրադարձել են համացանցի ներկա խնդիրներին ու մարտահրավերներին՝ ինտերնետի կայուն եւ անվտանգ զարգացումը խթանելու նպատակով։
Հայաստանից IGF-2022-ին միանալու հնարավորություն է ընձեռել «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ նոյեմբերի 29-ին եւ 30-ին կազմակերպելով Remote Hub, որի մասնակիցները հետեւել են մի քանի օրակարգային նիստերի։ Վերջիններում քննարկվել են առցանց ապատեղեկատվությանը, ինտերնետի մասնատմանը, կեղծիքներ ստեղծողների եւ տարածողների դեմ առցանց պայքարին առնչվող հարցեր։
Կեղծիքնեի միտումնավոր ստեղծումն ու տարածումը համացանցում ավելի է ահագնանում՝ դառնալով նպատակային կերպով հանրային վնաս հասցնելու արդյունավետ գործիք։ Խիստ կարեւոր է նշված գործողություններն ինչ-որ կերպ կանխելը՝ ի նպաստ քաղաքական բեւեռացումը նվազեցնելու, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության վերականգնման, հանրային առողջության խթանման եւ մարդու այլ հիմնարար իրավունքների պաշտպանության: Ապատեղեկատվության տարածումը կանխելու մեխանիզմներ մշակելու համար, ըստ IGF-2022-ում բարձրաձայնված եզրահանգման, բազմաշահառու ինտերնետային համայնքը պետք է օգտագործի տեխնոլոգիայի եւ մարդկանց հնարավորությունները՝ նորանոր մեթոդներով։
Ինտերնետի մասնատման խնդիրները կարգավորելու քայլերից են համարվել բազմակողմանի բովանդակալից համագործակցությունը եւ տեխնիկական, քաղաքական, իրավական ու կարգավորող գործողությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Զուգահեռաբար պետք է դիտարկել, թե ինչպես է ինտերնետի մասնատումն ազդում մարդու իրավունքների վրա եւ թե բարեփոխումների հարցում ինչ դեր կարող է խաղալ Համաշխարհային թվային պայմանագիրը (Global Digital Compact)։