Ինտերնետի մասնատում՝ համաշխարհային մարտահրավեր

Աշխարհակարգի փոխակերպումներն արտացոլվում են թվային աշխարհում՝ ինտենսիվորեն կրճատելով միասնական ինտերնետի հեռանկարները։

Ինտերնետի մասնատումը աշխարհին կանգնեցնում է երկընտրանքի առաջ, այն է՝ 5G կապից օգտվելու համար միանալ չինակա՞ն, թե՞ ամերիկյան համակարգին։

Այս երկընտրանքը բխում է չինական տելեկոմ-սարքավորումների կիրառման արգելքի մասին Միացյալ Նահանգների մտադրությունից։ Այն նախորդ տարի ամրագրվել է «Վստահելի սարքավորումների մասին» ԱՄՆ օրենքով։

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ վերոնշյալ օրենքի համաձայն՝ ԱՄՆ հեռահաղորդակցության ազգային կարգավորիչը (FCC) պետք է կազմի արգելվածների «սև ցուցակ», որում կարող են հայտնվել չինական ZTE եւ Huawei ընկերությունները։

Միացյալ նահանգների պետական գերատեսչություններն արդեն իսկ առաջնորդվում են հեռահաղորդակցության չինական սարքավորումներ օգտագործող ընկերությունների հետ չաշխատելու հրահանգով:

Լիովին գիտակցելով, որ ինտերնետի մասնատումը դառնում է համաշխարհային մարտահրավեր, Ինտերնետի կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովում՝ (ArmIGF-2022) քննարկել են ինտերնետ կառավարման այս կամ այն համակարգին միանալու պարագայում Հայաստանի հաղթահարելիք տնտեսական, ֆինանսական, տեխնիկական եւ այլ խնդիրներ։

«Վերջերս «Ինտերետ հանրությունը» նույնպես ԱՄՆ դեսպանատնից հարցում ստացավ։ Խնդրել էին տեղեկացնել, թե արդյոք կազմակերպությունն օգտագործում է Huawei կամ ZTE սարքավորումներ։ Առանց այս հարցման էլ պարզ է, որ նշված արգելքը կարող է ազդել Հայաստանի վրա, եթե հանրապետությունը սկսի 5G կապի անցնելու գործընթացը»,- ArmIGF-2022-ում ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը։

Մինչդեռ 5G ցանցը հաջորդ սերնդի ինտերնետ կապն է, որին անցնելիս աշխարհը կանգնելու է բարդ ընտրության առաջ։ Արդյունքում կարող է հայտնվել երկու ինտերնետ՝ «չինական» եւ «ամերիկյան»։

«Ընդհանրապես բոլոր երկրների եւ հատկապես Հայաստանի ընտրությունն այս հարցում պետք է կատարվի աշխարհաքաղաքական, անվտանգային, ռազմական ապահովության եւ հեռանկարների տեսանկյունից։ Թեեւ դեռեւս երկիրը չի գործարկում 5G կապը, բայց կողմնորոշվելու համար աշխատանքներ են իրականացվում»,- տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեռահաղորդակցության վարչության պետ Կարեն Գրիգորյանը։

Հայաստանը ինտերնետի մասնատման գործընթացը փորձում է հաղթահարել առանց կորուստների։ Ինչում չափազանց կարեւոր են նախնական հաշվարկներն ու ճիշտ կողմնորոշվելը։ ՀՀ իշխանությունները դեռեւս չեն հստակեցնում 5G կապի ներդրման ժամկետները։

 

Facebook
Twitter

Բաժնի նյութերը