«Պետությունն, այնուամենայնիվ, ամենաակտիվ մասնակիցն է համընդհանուր ընդունման գործընթացի՝ հատկապես այնտեղ, ուր բիզնես նախագծերն ու շահերը տեսանելի չեն։ Մեր ներկա անելիքը իրազեկումը եւ ծրագրային արտադրանք տվող համայնքի ներգրավումն է», — ասել է ICANN ներկայացուցիչ Միխայիլ Անիսիմովը՝ մարտի 28-ին Երեւանում կայացած «Համընդհաանուր ընդունման օր» տարածաշրջանային համաժողովում։
«Համընդհանուր ընդունում» շարժումը ձգտում է օպերացիոն համակարգերում տարբեր այբուբենների կիրառելության, սակայն երկակի վերաբերմունք է առաջացնում։ Այս կարծիքին է APTLD տնօրեն Լեոնիդ Տոդորովը․«ՀԸ-ն, ըստ իս, հնարավոր է իրագործել մեծ, շատ բնակչություն ունեցող, միատարր ու միալեզու եւ ավելի քան 70% ինտերնետ ծածկույթ ունեցող երկրներում։ Եթե կանխատեսումներս ճիշտ համարենք, ապա ՀԸ հարցում առաջատար կարող են լինել Ռուսաստանն ու Չինաստանը, ապա նաեւ Կորեան»։
ՀԸ իրագործման կարեւոր բաղադրիչ է համարվում մասնագիտական համայնքների ակտիվությունը՝ հատկապես ներկա փուլում, երբ բիզնես առավելությունների գիտակցման նախնական փուլն է։
«Ավռոմիկ» ՍՊԸ հիմնադիր Միքայել Ավագյանի խոսքով՝ Հայաստանն այդ առումով շահեկան վիճակում է․«Հայատառ ազգային դոմենը՝ ․հայ-ը մի մեծ առավելություն ունի՝ ազատ անուններ ունի։ Դա կարող է հետաքրքրել նաեւ արտաքին շուկային։ Պրովայդերների ակտիվությունը վճռորոշ կարող է լինել տեխնիկական խնդիրների լուծման հարցում։ Փորձենք տեսնել մեր շահը, հատկապես որ Հայաստանն արդեն տեխնիկական խնդիրների իր հասանելիք մասի ունիվերսալ լուծումներն առաջարկել է»։