Աշխարհում այսօր լայնորեն ծավալվող Համընդհանուր ընդունում շարժումը նպատակ ունի ինտերնետն ավելի հասանելի դարձնել ինտերնետ օգտագործողների համար՝ իրենց մայրենի լեզուներով։ Հայաստանը եւս արդեն մի քանի տարի է, ինչ միացել «Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» (ICANN) նախաձեռնած այդ համաշխարհային շարժմանը։
«Համընդհանուր ընդունումը բազմալեզու ինտերնետի եւ ինտերնետի հասանելիությունն ընդլայնելու գործուն հնարավորություն է։ 2022-ին ինտերնետի հասանելիությունը Հայաստանում՝ 64, Ադրբերջանում` 79, Վրաստանում 58% էր: Սա անթուլատրելի է։ Պետք է ինտերնետ հասանելիության առաջատարը լինենք Հարավային Կովկասում։ Հայաստանն իր ողջ ներուժը պետք է օգտագործի։ Եւ շատ կարեւոր է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը աջակցում է այդ աշխատանքներն ամբողջացնելուն։ Հետ մնալու իրավունք չունենք»,- մարտի 28-ին Երեւանում կայացած «Համընդհանուր ընդունման օր» ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովում ասել է ԻՀ ՀԿ-ի խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։
Հայաստանում, ի դեմս ԻՀ ՀԿ-ի, նպատակային ու արդյունավետ քայլեր են ձեռնարկում համընդհանուր ընդունման ուղղությամբ, եւ հատկանշական է համաժողովը Երեւանում անցկացնելը։ Համաժողովի անկացումը Հայաստանում ողջունել է նաեւ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը։
«Հայերեն այբուբենը հնագույններից է։ Եւ այդ այբուբենին տիրապետող հայ հանրությունը իր տեղը պետք է ունենա համընդհանուր ընդունման գործում։ Այդ առումով պետության աշխատանքն ու համագործակցությունը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հետ ուղղված է գործընթացի արդյունավետ կազմակերպմանը եւ համացացում հայկական ներկայության ընդլայնմանը»։
ICANN-ը փորձում է աշխարհին բազմալեզու եւ բազմամշակույթ, բայց մեկ միասնական ինտերնետ ունենալու հնարավորություն տալ։ Հայաստանում էլ նշանակալի գործ է արվում՝ տեխնիկական խնդիրները եւ իրազեկման հարցերը լուծելու համար։ ICANN խորհրդի անդամ Դանկո Եվտովիչը համաժողովում արձանագրել է, որ Հայաստանն այս գործընթացի մասնակից է եւ իրենք ուրախ են նկատել մեր երկրում կատարվող ակտիվ ջանքերը։