NFT դոմեններ. մրցակցությո՞ւն, թե՞ համագործակցություն

Web3-ը համացանցի նոր հատկանիշների ներդրման հնարավորություն է։

Տվյալների արձանագրման եւ պահպանման ապակենտրոնացված մեխանիզմ ստեղծելու այս համակարգը հիմնված է բլոկչեյների, crypto արժույթների եւ NFT դոմանների վրա։

Բլոկչեյնը ճանաչելի է դարձել առաջին crypto արժույթի՝ բիթքոյնի կիրառմաբ։ Յուրաքանչյուր բիզնեսի եւ գործառույթի համար այսօր արդեն բլոկչեյնը նպատակահարմար եւ կիրառելի է համարվում։ Այս համակարգով տվյալներն արձանագրվում են հազարավոր սերվերների վրա եւ ավտոմատ կերպով ճշտվում են դրանց ստեղծման ժամանակը, տեղը, հեղինակը։ Բլոկչեյնի պաշտպանության մակարդակը թույլ չի տալիս հետին թվով փոփոխություն կատարել։

Հայաստանի տեխնոլոգիական համայնքը նույնպես Web տիրույթի նոր բնութագրիչների ներդրման մասնակից է։ Բլոկչեյնի զարգացման նպատակով՝ 2018-ին Հայաստանում գործարկվել է ազատ տնտեսական գոտի։ 2021-ին բլոկչեյնով զբաղվող ընկերությունների թիվը մեր երկրում կրկնապատկվել է՝ գրանցելով 97% աճ։

«Crypto արժույթներին հետեւելու համաշխարհային մակարդակում առաջատար հավելվածը հայկական է, սպասարկվում է Երեւանից։ Ամենաճանաչելի crypto բրենդերից մեկի գովազդը նկարահանվել է Երեւանում… Կարող ենք ուրիշ օրինակներով էլ ասել, որ մեր տեխնոլոգիական համայնքը բլոկչեյնի կիրառությունն ընդլայնելու մեծ ներուժ ունի»,- փաստել է Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը՝ Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովում (ArmIGF-2022)։

Ի տարբերություն ներկայում լայն կիրառություն ունեցող TLD (top-level domain)` վերին մակարդակի դոմենային անունների, NFT (non-fungible token)` չփոխարինվող թոքենները հանդիսանում են անհատական նույնականացման եզակի ցուցիչ: Web3-ում կիրառելի NFT-ները գրանցորդի լիակատար սեփականությունն են։ Դրանք կարող են ծառայել որպես հեղինակային իրավունքն ամրագրելու եւ crypto առեւտրի միջոց։

«Web3-ում բլոքչեյնը երաշխավորում է NFT-ների եզակիությունը։ Այսինքն` հնարավոր չէ ստեղծել կեղծ՝ fake թոքեն։ Սա էլ 2016-17-ին բերեց NFT-ներին ինչ-որ այլ բովանդակություն կցելու գաղափարը։ Իսկ 2020-ին ծնվեցին սմարթկոնտրակտները, որոնք նախ ներառեցին արտ արտադրանքներ, ապա ընդլայնվեց այդ ցանկը։ Թոքեններն էլ կցվեցին crypto դրամապանակներին ու հնարավոր դարձավ գումար վաստակել»,- պարզաբանեց Վիգեն Առուշանյանը։

Թեեւ այսօր TLD դոմենները շատ ավելի լայն կիրառություն ունեն, քան NFT-ները, սակայն Web3-ի գործառույթներն արդեն գրավել են հայտնի բրենդերի ուշադրությունը եւ հեռու չէ այս տիրույթների նկատելի մրցակցության ժամանակը։

«Web3-ը մարդկության համար ստեղծարարության ու զարգացման նոր հնարավորություն է։ Այն լայն կիրառության դաշտ բերելու գործն ինտերնետ հանրությունն այսօր փորձում է կազմակերպել անհարիր ազդեցությունների կանխմամբ։ Այս ընթացքում կարեւոր է նաեւ հայկական ընկերությունների գործնական հետաքրքրվածությունն ու համագործակցությունը։ Հայաստանի մասնագիտական հանրությունը այս ոլորտի համաշխարհային շուկայում նոր միտումներ թելադրելու իրական հնարավորություններ ունի»,- ArmIGF-2022-ի թեմատիկ քննարկումն ամփոփել է «Մենք քոնսալթինգ» ընկերության կառավարիչ Արթուր Վարդերեսյանը։

 

Facebook
Twitter

Բաժնի նյութերը