Գրիգորի Սաղյան. «Աշխարհում ինտերնետի հեղափոխություն էր, Հայաստանում՝ էլեկտրասնուցումն օրական մեկ ժամ…»

«Հայաստանը ժառանգել էր ԽՍՀՄ կապի համակարգը։ Գծերը վատ վիճակում էին, էլեկտրականություն չունեինք։ 1993-ին մեկ ժամ էինք օրական հոսանք ունենում։ Մինչդեռ աշխարհում ընթանում էր նոր հեղափոխություն՝ ինտերնետի հեղափոխությունը»,- հիշում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Գրիգորի Սաղյանը։

Հայաստան ինտերնետ կապի մուտքը և երկրի կոդ հանդիսացող .am դոմենի կառավարման իրավունքը ստանալու փաստը 32 տարի առաջ էր։ Այդ պատմական իրադարձությունը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես .am-ի կառավարիչ կազմակերպություն, ներկայացրել էր գործունեության 30-ամյակին նվիրված ամսագրում և «Համացանցի մեր տարածքը» ֆիլմում՝ ականատես-մասնակիցների վերհուշով։

Սաղյանը պատմում է` մի քանի ընկերություններ մեծ դժվարությամբ սկսեցին միանալ ինտերնետին։ Առաջինը «Արմինկո»-ն էր։ Օգտագործելով Խորհրդային Միության գծերը՝ կարողացավ Մոսկվայի միջոցով ինտերնետով միանալ աշխարհին, ճիշտ է, շատ դանդաղ կապով։

Հենց այդ ժամանակ էր, որ տեղեկացանք՝ IANA-ը երկրներին երկտառ կոդեր է տալիս։ Այդ կոդերն ընտրել էին ISO՝ Ստանդարտացման միջազգային կազմակերպության տեղեկատուից։ .am-ը պահել էին Հայաստանին տալու համմար, երբ մեր երկրում ձևավորվեր դոմենը կառավարելու ունակ մասնագիտական և տեխնիկական ներուժ։

«Արմինկո»-ի, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), ԳԱԱ հաշվողական կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կապի նախարարության ներկայացուցիչ չկար, միավորվեցին, ու ստեղծեցինք «Հայաստանի ինտերնետ օգտագործողների միությունը», որն էլ ստացավ .am դոմենը կառավարելու իրավունքը։

1993-ին, իհարկե, շատ պրոբլեմատիկ էր․ մասնագետ չկար, օպերացիոն համակարգը UNIX-ն էր, որի մասնագետ նույնպես չունեինք։ Բայց հաջողվեց երիտասարդների ուժերով շատ արագ կազմակերպել նախ դոմենային անվան կառավարումը։

Առաջին հայկական ցանցային տեղեկատվական կենտրոնը՝ AMNIC-ը «Արմինկո»-ում էր, որն ինտերնետ մատակարար էր։ Տեխնիկական հարցերի լուծման առումով շատ օգնեց Գիտությունների ազգային ակադեմիան՝ տրամադրելով տարածք, որտեղ տեղադրվեց պահեստային անունների երկրորդ սերվերը։

Ու կարևոր է, որ 1994-ից առ այսօր համակարգն աշխատում է անխափան՝ հիմնվելով մասնագետների ներուժի ու հմտությունների վրա։ Մեր մասնագետներն անընդհատ սովորում են՝ մշտապես կապի մեջ լինելով ինտերնետ կառավարման կենտրոնների, միջազգային կառույցների հետ։

Հայաստան ինտերնետի մուտքի պատմության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ գործունեության մասին նաև «Պայթյունի դարաշրջան էր, աշխատեցինք գիտական մտքի և գործարար ջանքի համադրմամբ» հրապակման մեջ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը