«Հայաստանում 1990-ականների սկզբին շատ քչերը գիտեին՝ ինչ է ինտերնետը։ Կար միայն mail՝ էլփոստ, այն էլ՝ օֆլայն։ Համակարգչով միանում էին mail սերվերին, հետո այն մոդեմով կապվում էր Ռուսաստանի հետ, այդուհետ՝ աշխարհին։ Սա էլ «Արմինկո»-ի միջոցով էր տեղի ունենում»,- վերհիշում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ Կոլյա Հովհաննիսյանը։
Արդեն 32 տարի Հայաստանում ինտերնետ կապի արդիական միջոցները հասանելի են և այդ տարիների շրջադարձային իրադարձությունները, ինչպես նաև .am դոմենային տիրույթի զարգացման պատմությունը «Ինտերնաետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես կառավարիչ կազմակերպություն, ներկայացրել է 30-ամյակին նվիրված «Համացանցի մեր տարածքը» ֆիլմում և համանուն ամսագրում։ Այստեղ ԻՀ ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ Կոլյա Հովհաննիսյանն հիշում է.
«Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որի համակարգչային կենտրոնում էի աշխատում որպես առաջատար մասնագետ, որոշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով արբանյակային կապի կայան ձեռք բերել։ Այդ կայանով հետագայում առցանց ինտերնետը մուտք պիտի գործեր Հայաստան։ Դա տեղի ունեցավ 1994-ին․ պրոցեսն սկսվել էր 1993-ին՝ քննարկումներ, պլաններ։
Զուգահեռաբար, հասունանում էր դոմենի ստեղծման գաղափարը։ Մեր կազմակերպության ներկայիս նախագահ Իգոր Մկրտումյանը, ով այն ժամանակ աշխատում էր Հայաստանի Ամերիկյան համալսարանում, գնացել էր ԱՄՆ, իմացել, թե ինչ է պետք։ Հավաքվեցինք, որոշեցինք հայկական .am դոմենը կառավարելու իրավունքը ստանալ։ Սկզբում դոմենը Ռուսաստանում՝ Դուբնայի ֆիզիկայի ինստիտուտում էր պահվում, քանի որ Հայաստանում չկային անհրաժեշտ սերվերներ, օնլայն ինտերնետ։ Միայն որոշ ժամանակ անց «Արմինկո»-ի մասնագետները՝ Էդգար Դանիելյանը և ուրիշներ, սովորեցին ու սկսեցին գրանցումներն անել այստեղից։
Ֆիզիկայի ինստիտուտում մի քանի մարդու՝ ինստիտուտի այն ժամանակվա տնօրեն Ռուբեն Մկրտչյանի, փոխտօրեն Արմեն Գյուլխասյանի, ֆիզիկոս Նորիկ Ակոպովի, որն աշխատում էր Գերմանիայում, ջանքերով անտենա դրվեց։ Նրանք ինտենսիվ աշխատեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, ու անտենան բերվեց-դրվեց։ Միաժամանակ, որպեսզի ինտերնետը հնարավոր լինի տարածել գիտակրթական կենտրոններում, ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ մի նախագիծ արվեց, որի շնորհիվ ԵՊՀ-ն ու մի քանի պետական հիմնարկներ առաջին անգամ միացան առցանց ինտերնետին։
90-ականներին էր, ամբողջ Հայաստանի կրթական համակարգը 2 մեգաբիթ էր ստանում, միացած էին բոլոր ԲՈՒՀ-երը։ Արտաքին ելքը 120 կիլոբիթ էր, միջբուհական կապը՝ սկզբում 2, հետո 11 մեգաբիթ դարձավ։
Արբանյակային կապը շատ թանկ էր՝ 2 մեգաբայթը 64 հազար դոլար։ Ֆիզիկայի ինստիտուտը համագործակցում էր Գերմանական DESY (Deutsches Elektronen-Synchrotron) ընկերության հետ, որն էլ հոգում էր այդ կապի ծախսը։ Հայաստանի համար շատ քիչ էր 64 կբ-ը, հետո դարձավ 128 կբ։
Շատ դժվար էր զարգանում ինտերնետը։ Պատճառը «ԱրմենՏել»-ին տրված մենաշնորհն էր։ Սահմանափակված էր ամեն ինչ։ Անընդհատ զարգացման, ընդլայնման ելք էինք պրպտում։ Կապուղիները թույլ էին, գինը՝ շատ թանկ։ Այսինքն՝ ինտերնետը լայն մասսաներին հասցնելը չափազանց բարդ էր։ Դոմենների քանակը քիչ էր, գրանցումները նոր էին, էնտուզիազմով էին գրանցում հիմնականում։ Մարդկանց համոզում էինք, որ դոմեն գրանցեն։ Այսօր իրականությունն, իհարկե, այլ է և .am դոմենային տիրույթը բնականոն զարգանում է, իսկ ինտերնետ հասանելիությունը երկրում մեծ ծածկույթ է ապահովում»։
Հայաստան ինտերնետի մուտքի պատմության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ գործունեության մասին կարդացե՛ք նաև «Աշխարհում ինտերնետի հեղափոխություն էր, Հայաստանում՝ էլեկտրասնուցումն օրական մեկ ժամ…» հրապակման մեջ։




























