Վիքինախագիծ «Աշխարհը կետից հետո». պարգևատրվեցին լավագույն վիքիխմբագիրները

Համաշխարհային «Վիքիպեդիայի» հիմնադրման 25-րդ տարեդարձի օրը՝ հունվարի 15-ին, կազմակերպության հայաստանյան գրասենյակում ևս տոնական էր, տեղի ունեցավ նաև «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության տարեկան մրցանակաբաշխությունը։

Արարողությանն ամփոփվեցին նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ 2025-ի նոյեմբերի 1–30-ը իրականացված «Աշխարհը կետից հետո» խմբագրաթոնի արդյունքները։

Նախագծի շրջանակում հայերեն Վիքիպեդիայում հրապարակվել է դոմենների և ինտերնետի կառուցվածքին նվիրված, ընդհանուր առմամբ, 302 հոդված, որոնցից 197-ը նոր են, իսկ 105-ը՝ բարելավված։

Հետևողական աշխատանքի և որակյալ բովանդակություն ստեղծելու համար նախագծին ակտիվորեն մասնակցած երեք վիքիխմբագիրներ արժանացան շնորհակալագրերի և դրամական պարգևների։

«Արդեն 5-ամյա մեր համագործակցությունը ներառում է տարբեր նախագծեր, որոնք բոլորն էլ ուղղված են հայերեն բովանդակության ստեղծմանը և գիտելիքի տարածմանը թվային միջավայրում։ Սա ռազմավարական նշանակության խնդիր է, և վստահորեն համագործակցությունը շարունակելու ենք», — նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը՝ շնորհավորելով գործընկերներին հոբելյանի և հերթական հաջողված նախաձեռնության առթիվ։

«Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ների 5-ամյա համագործակցության ընթացքում հայերեն Վիքիպեդիան համալրվել է ավելի քան 2300 նոր հոդվածով։

Միջոցառման ընթացքում «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ համահիմնադիր Մհեր Բեքարյանն ընդգծել է, որ հայերեն հավաստի բովանդակության հասանելիության ընդլայնումը կարևոր քայլ է հանրային տեղեկատվական միջավայրի հարստացման գործում։

Նրա խոսքով՝ միայն 2025 թվականին «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի ջանքերով հայերեն Վիքիպեդիայում հրապարակվել է շուրջ 11,000 հոդված։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը