Համաշխարհային դոմենային շուկան շարունակում է կայուն աճ արձանագրել՝ ավելացնելով գրանցված անունների քանակը և ընդլայնելով դերակատարումը թվային տնտեսության մեջ։
Այս իրողությունն ընդգրկում է նաև համացանցում երկրի կոդ հանդիսացող դոմենային անունները (ccTLD), որոնցով աշխարհում գրանցումների թիվը նախորդ տարի աճել է 144,8 մլն-ով։ Այսպիսով, միջազգային և տեղական շուկաներում հետաքրքրվածությունը սեփական երկրային դոմենների նկատմամբ շարունակում է մնալ բարձր։ Այս եզրահանգմանն են եկել Domain Name Industry Brief զեկույցի հեղինակները։
Վերջին տասը տարում Հայաստանի կոդ հանդիսացող .am ccTLD-ով գրանցումների թիվն աճել է ավելի քան 10,000-ով։ Այն այս պահի դրությամբ ներկայանում է ավելի քան 46,600 գրանցված դոմենով, որոնցից շուրջ 62%-ը Հայաստանից է։ Հաջորդում են գրանցումները Միացյալ Նահանգներից (8,863), Չինաստանից (1,754), Ռուսաստանից (1,185)։ .am-ում ներկայություն ունեցող եվրոպական երկրների ցանկը գլխավորում է Գերմանիան՝ 527 գրանցումով։
Դոմենային շուկայի զարգացումը չի սահմանափակվում պարզապես անունների քանակով, այլ ենթադրում է անվտանգային և տեխնոլոգիական նոր հնարավորությունների համադրումը։ Այս տեսանյկյունից .am դոմենային տիրույթն առաջընթաց քայլեր է ձեռնարկել։
Աշխարհում ազգային դոմենային տիրույթների ընդամենը 64%-ն է ապահովում DNSSEC։ Հայաստանի ազգային դոմենն այդ թվում է։
Հավելյալ անվտանգության այս կարգավորման շնորհիվ .am տիրույթում կանխվում է կեղծ DNS տվյալների նույնականցումը և թրաֆիքի վերահասցեագրումը։
.am տիրույթն առաջանցիկ ևս մեկ քայլ է ձեռնարկել՝ ինտեգրվելով նաև Blockchain տեխնոլոգիաների հետ, ինչը հնարավորություն է տալիս այն կապել Web3 պլատֆորմների հետ՝ առանց սովորական DNS-ի փոփոխության։ Սա բացում է նոր հնարավորություններ NFT-ների, թվային դրամապանակների և բրենդային նորարարական լուծումների համար։





























