Համացանցում Հայաստանի կոդ հանդիսացող .am վերին մակարդակի դոմենը (ccTLD) դեռևս 2014-ից ունի DNSSEC պաշտպանվածություն՝ լրացուցիչ անվտանգության բարձր մակարդակ։
DNSSEC-ը տվյալների վստահելի աղբյուրները ճշտող և համացանցի ընդհանուր անվտանգությունն ապահովող գործիք է։ Կիրառվում է դոմենային անունների համակարգի (DNS) տեղեկությունների իսկությունը հաստատելու, դրանց գաղտնալսումը և թրաֆիքի վերահասցեագրումը բացառելու նպատակով։
Իսկ համացանցում յուրաքանչյուր հաղորդակցություն սկսվում է DNS որոնումից, ինչը առաջնային է դարձնում դոմենային տիրույթների համընդհանուր անվտանգության ապահովումը։
Ի նպաստ համաշխարհային թվային անվտանգության խնդիրների լուծման՝ տարեսկզբին DNSSEC-ով պաշտպանված ccTLD-ներ ունեցող երկրներին են միացել ևս 4-ը՝ Բուրկինա Ֆասոն (.bf) և Պապուա Նոր Գվինեան (.pg), իսկ օրեր առաջ Գաբոնը (.ga) և Վրաստանը (.ge)։
Ներկայում 168 երկրի ccTLD-ներ են աշխատում DNSSEC-ով։ Յոթ երկիր՝ Կյուրասաոն, Եթովպիան, Իրաքը, Օմանը, Սոմալին, Չադը և Բրիտանական Վիրջինյան կղզիները սկսել են իրենց ccTLD-ները DNSSEC-ին միացնելու գործընթացը։ ccTLD տիրույթում 100% DNSSEC ծածկույթ ապահովելու համար անհրաժեշտ է մյուս 73 երկրները համակարգին միացնել, ինչը, փորձագետների կարծիքով, կպահանջի ևս 10 տարի։




























