Skip to main content

Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը

Առցանց անվտանգության և ինտերնետի հանդեպ վստահության մակարդակը բարձրացնելուն է ուղղված գլոբալ «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության նոր՝ Safer Internet Initiative նախաձեռնությունը։ Այն նախատեսված է 2026–2029 թվականների համար։ Internet Society-ն ու Internet Society Foundation-ը նախատեսում են այդ ընթացքում ավելի քան 40 մլն դոլար ուղղել համապատասխան ծրագրերի իրականացմանը։

Նախաձեռնության առանցքային ուղղություններից է մարդկանց թվային անվտանգության հմտությունների զարգացումը։ Նախատեսվում է ստեղծել բազմալեզու առցանց ռեսուրսների կենտրոն, որտեղ հասանելի կլինեն ինտերնետային սպառնալիքները ճանաչելու և դրանցից պաշտպանվելու համար նախատեսված նյութեր ու կոնկրետ գործիքներ։

Առցանց խարդախությունների դեմ պայքարի շրջանակում կմշակվեն խարդախությունների ճանաչման և կանխարգելման գործիքներ ու կրթական ծրագրեր, կանցկացվեն դասընթացներ, աջակցություն կտրամադրվի տեղական նախաձեռնություններին։ Ծրագրերը կհարմարեցվեն տարբեր համայնքների լեզվական և մշակութային առանձնահատկություններին։

Գլոբալ Internet Society-ն ընդգծում է, որ առցանց անվտանգության խնդիրները հատկապես կարևոր են խոցելի խմբերի, քաղաքացիական հասարակության և լրագրողների համար։ Այդ պատճառով աջակցություն է նախատեսվում նաև այն կազմակերպություններին, որոնք պաշտպանում են բարձր ռիսկայնության համայնքները և զարգացնում նրանց թվային անվտանգության կարողությունները։

Internet Society-ի տվյալներով՝ Microsoft-ի 2025-ի գլոբալ հարցման 14 800 մասնակիցների 66%-ը հայտնել է, որ առցանց տիրույթում բախվել է տարբեր սպառնալիքների։ Այս ֆոնին նոր նախաձեռնությունը նպատակ ունի անվտանգությունը դիտարկել ոչ միայն որպես անհատական պատասխանատվության, այլև որպես ողջ ինտերնետ միջավայրի համընդհանուր խնդիր։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը