Skip to main content

ICANN-ը կուսումնասիրի DNS-ի և անուների այլընտրանքային համակարգերի համատեղելիությունը

Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիան (ICANN) սկսել է նոր տեխնիկական ուսումնասիրություն, որի նպատակն է գնահատել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային դոմենային անունների համակարգի (DNS) և անունների այլընտրանքային համակարգերի՝ web3-ի, այդ թվում՝ բլոկչեյնի վրա հիմնված լուծումների, հնարավոր համատեղ աշխատանքը։

Հենց այս նպատակով ICANN-ը ձևավորել է անկախ Տեխնիկական հետազոտական խումբ (Technical Study Group – TSG), որում ընդգրկված են DNS-ի, ենթակառուցվածքների, ցանցային տեխնոլոգիաների, կրիպտոգրաֆիայի և բլոկչեյնի ոլորտների փորձագետներ։

Նրանց խնդիրն է գնահատել հնարավոր տեխնիկական ռիսկերի  և պատասխանել մի շարք հարցերի՝ կարո՞ղ են արդյոք տարբեր համակարգեր գործել առանց միմյանց խոչընդոտելու, ինչպիսի՞ ռիսկեր կարող են առաջանալ համաշխարհային DNS ենթակառուցվածքի համար և ինչպիսի՞ պայմաններ պետք է ապահովվեն, որպեսզի ապագայում հնարավոր ինտեգրումները չվնասեն ինտերնետի բնականոն աշխատանքին։

ICANN-ում ընդգծում են, որ հետազոտությունը չի նշանակում որևէ նոր տեխնոլոգիայի ներդրման կամ հաստատման որոշում։ Այն իրականացվում է բացառապես փաստերի և տեխնիկական վերլուծության հիման վրա՝ հասկանալու, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ նման լուծումները։

Տեխնիկական խումբն առաջիկա ամիսներին կանցկացնի աշխատանքային քննարկումներ, կպատրաստի զեկույց։ Այն կհրապարակվի հանրային քննարկման նպատակով և միայն դրանից հետո հնարավոր կլինի որոշել՝ անհրաժեշտ են արդյոք հետագա տեխնիկական կամ կառավարման քաղաքականություն ձևավորելու քայլեր։

ICANN-ի այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ համաշխարհային ինտերնետի հիմնարար ենթակառուցվածքներում որևէ փոփոխության նախորդում է մանրակրկիտ ուսումնասիրություն։ DNS-ն ապահովում է ինտերնետի միասնական աշխատանքը, հետևաբար յուրաքանչյուր նոր տեխնոլոգիայի ազդեցությունը նախապես պետք է գնահատվի՝ պահպանելու համացանցի կայունությունը, անվտանգությունը և փոխգործունակությունը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը