ICANN-ը 1 մլն դոլար է հատկացնում IGF-ին՝ ի նպաստ գլոբալ ինտերնետ կառավարման ամրապնդման

ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող WSIS+20 գործընթացի շրջանակում անդամ պետությունները վերահաստատել են IGF-ին մշտական մանդատի տրամադրումը` գլոբալ ինտերնետ կառավարման բազմաշահառու մոդելի զարգացման նպատակով։ Այդ ուղղության հաջորդ գործնական քայլն օրերս նախաձեռնել է Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիան (ICANN)՝ 1 մլն ԱՄՆ դոլար տրամադրելով Ինտերնետ կառավարման համաժողովին (Internet Governance Forum – IGF)։

Նշված միջոցներն ուղղվելու են IGF քարտուղարության աշխատանքների ամրապնդմանը, վարչական կայունության ապահովմանը, կարողությունների զարգացման ծրագրերին, ինչպես նաև՝ զարգացող երկրների կառավարությունների ավելի ակտիվ ներգրավմանը։ 

«ICANN-ի տնօրենների խորհրդը, հաստատաելով դրամական աջակցության որոշումը, փորձում է նպաստել IGF-ի երկարաժամկետ կայունությանը, գործունեության շարունակականությանը և գլոբալ մասնակցության ընդլայնմանը։ Կայուն ֆինանսավորումը հնարավորություն կտա IGF-ին ավելի կանխատեսելի կերպով պլանավորել իր աշխատանքը և շարունակել ծառայել գլոբալ ինտերնետային համայնքին»,- ասվում է կորպորացիայի հայտարարությունում։

Ավելի քան 20 տարի IGF-ը հանդիսանում է այն եզակի հարթակը, որտեղ կառավարությունները, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը, տեխնիկական համայնքը, գիտակրթական կազմակերպությունները և օգտատերերը համատեղ քննարկում են ինտերնետի զարգացման քաղաքական և տեխնիկական հարցերը։

«Քաղաքական և ինստիտուցիոնալ նշանակության այս քայլով  ICANN-ն ընդգծում է նաև գլոբալ թվային համագործակցություն ձևավորող միջազգային հարթակներին ֆինանսապես աջակցելու իր պատրաստակամությունը։ Հայաստանի համար սա ևս մեկ ազդակ է շարունակելու ակտիվ մասնակցությունը գլոբալ ինտերնետ կառավարման գործընթացներին»,- նշեց «Ինտերնետ հանրություն» հկ փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ IGF-ի ֆինանսական կայունության ամրապնդումը նման մասնակցությունն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն է, որից արդեն տարիներ «Ինտերնետ հանրութուն» հկ-ն՝ որպես .am և .հայ դոմենների կառավարիչ կազմակերպություն, օգտվում է  ICANN-ի, IGF-ի, EuroDIG-ի, WSIS-ի և այլ շրջանակներում։ Ինտերնետի բազմաշահառու կառավարման գործընթացներում ներկայության շնորհիվ հայկական մասնագիտական համայնքը ներգրավվում է ինտերնետի տեխնիկական և քաղաքական ապագան որոշող սկզբունքները ձևավորվող քննարկումներում՝ ներկայացնելով ազգային շահն ու փորձը և նպաստելով համաշխարհային թվային միջավայրում երկրի դիրքի ամրապնդմանը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը