Եվրոպայի ինտերնետ կառավարման խոշորագույն բազմաշահառու հարթակներից մեկի՝ EuroDIG 2026-ի շրջանակում, Բրյուսելում, մայիսի 26-27-ին քննարկվել են եվրոպական և գլոբալ թվային քաղաքականության առաջիկա տարիների առաջնահերթությունները։ Համաժողովն ավանդաբար համախմբել էր տարբեր երկրների կառավարությունների, տեխնիկական համայնքի, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ անդրադառնալու թվային փոխակերպման կարևորագույն մարտահրավերներին։
Համաժողովին Հայաստանից մասնակցել են .am և .հայ դոմենների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը, խորհրդի անդամ Քրիստինե Գյոնջյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԻԿԽ անդամ Ալեքսեյ Սանդիկովը։
«Համաժողովի օրակարգն արտացոլում էր այն հիմնական մարտահրավերները, որոնց շուրջ առաջիկա տարիներին կձևավորվեն եվրոպական և գլոբալ թվային քաղաքականությունները՝ սկսած արհեստական բանականության կարգավորումից մինչև ինտերնետի բաց, անվտանգ և բազմալեզու բնույթի պահպանություն»,– նշել է Քրիստինա Հակոբյանը՝ միաժամանակ կարևորելով Հայաստանի մասնակցությունը գլոբալ ինտերնետ կառավարման հարթակների աշխատանքին։
EuroDIG 2026-ի քննարկումների առանցքում էին արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, ինտերնետի կառավարումը և լեզվական բազմազանության ապահովումը, երեխաների իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության զարգացմանը և դրա ազդեցությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա։ Քննարկվել են deepfake տեխնոլոգիաների տարածման, ապատեղեկատվության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և ԱԲ պատասխանատու կառավարման հարցերը։ Առանձին նիստերում անդրադարձ է կատարվել նաև պետական ծառայություններում, կրթական համակարգում և դատաիրավական ոլորտում ԱԲ կիրառման հնարավորություններին ու ռիսկերին։
Համաժողովի կարևոր ուղղություններից էր Եվրոպայի տեխնոլոգիական ինքնիշխանության թեման։ Մասնակիցները քննարկել են թվային ենթակառուցվածքների, տվյալների մշակման համակարգերի, միկրոչիպերի արտադրության և հեռահաղորդակցության ոլորտում անկախության ու դիմակայունության բարձրացման ուղիները՝ միաժամանակ պահպանելով ինտերնետի բաց և միասնական բնույթը։
Քվանտային տեխնոլոգիաներին նվիրված քննարկումների ընթացքում մասնագետները վերլուծել են, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ քվանտային համակարգիչները կիբեռանվտանգության, ծածկագրման և տվյալների պաշտպանության ներկայիս մեխանիզմների վրա։ Քննարկվել են նաև ապագա տեխնոլոգիական փոփոխություններին նախապատրաստվելու ռազմավարությունները։
Հատուկ տեղ է զբաղեցրել ժողովրդավարության և թվային հանրային միջավայրի փոխհարաբերության թեման։ Մասնակիցները քննարկել են սոցիալական հարթակների ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման վրա, տեղեկատվական մանիպուլյացիաների և արտաքին միջամտությունների ռիսկերը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման հնարավորությունները։
EuroDIG 2026-ի օրակարգում կարևոր տեղ է հատկացվել նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող WSIS+20 գործընթացին։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է ազգային և տարածաշրջանային Ինտերնետ կառավարման համաժողովների (IGF) դերի ընդլայնման կարևորությունը՝ որպես գլոբալ թվային համագործակցության զարգացման գործիք։
Հայաստանի համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացրել UNESCO-ի, ICANN-ի և EuroDIG-ի համատեղ նիստը, որը նվիրված էր Համընդհանուր ընդունման (Universal Acceptance) սկզբունքներին։ Քննարկվել են ազգային այբուբեններով դոմենների և էլեկտրոնային հասցեների լիարժեք աջակցման, ինչպես նաև համացանցում լեզվական բազմազանության զարգացման հարցերը։
Համաժողովում անդրադարձ է կատարվել նաև երեխաների առցանց անվտանգության, եվրոպական թվային նույնականացման համակարգերի, DNS և IP մակարդակում վտանգների կանխարգելման մեխանիզմների, ինչպես նաև՝ թվային միջավայրում գենդերային հավասարության ապահովման հարցերին։




























