Կիբեռհիգիենայից մինչև տվյալների պաշտպանություն. դասընթացներ Արմավիրում և Կոտայքում

Անձնական տվյալների պաշտպանության և կիբեռանվտանգության առանցքային հարցերն էին Էջմիածնում և Հրազդանում օրերս կազմակերպված դասընթացների առանցքում։  Մասնակցում էին  Արմավիրի և Կոտայքի մարզի գրադարանների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավելի քան 60 ներկայացուցիչներ, այդ թվում՝ գրադարանավարներ, սովորողներ և դասավանդողներ։

Դասընթացները, որոնք վարում էին ոլորտի լավագույն մասնագետները, նպատակ ունեին մասնակիցների շրջանում ձևավորելու կիբեռհիգիենայի հիմնական հմտությունները և բարձրացնելու նրանց թվային գրագիտության մակարդակը։ Ներկայացվել են անվտանգ վարքագծի կանոններն առցանց միջավայրում՝ ներառյալ ուժեղ գաղտնաբառերի ստեղծումը և ճիշտ կիրառումը, երկփուլ նույնականացման օգտագործումը, ինչպես նաև՝ կիբեռանվտանգության տեսանկյունից ռիսկային գործողությունների ճանաչումը։

Մասնակիցները ծանոթացել են կասկածելի կայքերի և սոցիալական ինժեներիայի մեթոդներին, սովորել տարբերել վտանգավոր ֆայլերը և հասկանալ հակավիրուսային ծրագրերի նշանակությունն ու սահմանափակումները։ Քննարկվել է նաև օպերացիոն համակարգերի և ծրագրային ապահովման պարբերական թարմացումների կարևորությունը։

Անձնական տվյալների պաշտպանության առումով ներկայացվել են դրանց մշակման հիմնական սկզբունքները և անվտանգության ապահովման հիմնարար մոտեցումները։ Քննարկվել է, թե ինչպես են տեխնոլոգիական զարգացումները մեծացրել անձնական տվյալների մշակման ծավալներն ու բարդությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անձնական տվյալների զգայունության հարցին։ Մասնակիցները ծանոթացել են տվյալների մշակման կանոններին, այդ թվում՝ օրինականության և համաչափության սկզբունքներին, ներկայացվել են նաև անձնական տվյալների պաշտպանության ոչ տեխնիկական միջոցները, որոնք օգնում են նվազեցնել ռիսկերը հատկապես առցանց միջավայրում։

Թեմաները ներկայացվել են նաև գործնական օրինակներով՝ օգնելով մասնակիցներին ստացած գիտելիքը դարձնել կիրառելի։ Դասընթացի մասնակիցներն ակտիվորեն ներգրավվել են՝ ուղղելով իրենց հարցերն ու քննարկելով տարբեր իրավիճակներ։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, իր գործունեության արդեն ավելի քան 30 տարիներին մշտապես կարևորել է հանրության թվային գրագիտության բարձրացումը։ Կանգնած լինելով համացանցը Հայաստան բերելու գործընթացի ակունքներում, մենք ինտերնետը դիտարկում ենք որպես կրթության և երկրի զարգացման անփոխարինելի աղբյուր, իսկ դրա համար կարևոր է ունենալ գրագետ օգտագործողներ»,- նշել է ԻՀ ՀԿ ներկայացուցիչ Վեսմիրա Հարությունյանը։

Դասընթացները կազմակերպվում են «Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն՝ «Ինտերնետ hանրություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո:

Facebook
Twitter

Բաժնի նյութերը