Ինտերնետի զարգացման ռազմավարությունը՝ ICANN86 Policy Forum-ում

Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի տարեկան հանրային հանդիպումն անցկացվեց Իսպանիայի Սևիլիա քաղաքում՝ հունիսի 8–11-ը։ ICANN86 Policy Forum-ն ինտերնետի գլոբալ կառավարման համակարգի կարևոր փուլերից է, որտեղ քննարկվում են DNS անվտանգության, ինտերնետի ենթակառուցվածքների կայունության, բազմալեզու թվային միջավայրի զարգացման և միջազգային համագործակցության խորացման առանցքային հարցերը։

ICANN86 Policy Forum-ը, կենտրոնանալով ինտերնետի տեխնիկական կառավարման և քաղաքականության մշակման ընթացիկ աշխատանքների վրա, համախմբել էր տարբեր երկրների կառավարությունների, տեխնիկական համայնքի, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։

Համաշխարհային ինտերնետի ապագա կառուցվածքի որոշակիացման գործում անմիջական ազդեցություն ունեցող ICANN86-ին Հայաստանից մասնակցել է .am և .հայ դոմենային անունների կառավարիչ կազմակերպության՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

«Հայաստանն համացանցի քարտեզում եվրոպական տարածաշրջանի մաս է կազմում, իսկ  ICANN86-ում ավելի է ընդգծում Եվրոպայի աճող դերակատարությունը ինտերնետի կառավարման գլոբալ գործընթացներում։ Կարևոր է տեղյակ ու մասնակից լինել այս աշխատանքներին մաս կազմելու համար տեխնիկական խնդիրների թվային քաղաքականության և միջազգային համագործակցության երկարաժամկետ ռազմավարությունների ձևավորման աշխատանքներում»,-նշել է Քրիստինա Հակոբյանը։

Համաժողովի օրակարգում էին DNS համակարգի անվտանգության և կայունության ամրապնդումը, DNS չարաշահումների (DNS Abuse) դեմ պայքարի քաղաքական և տեխնիկական մեխանիզմների զարգացումը, ինչպես նաև դոմենային անունների գրանցման և օգտագործման տվյալների կառավարման ու հասանելիության հարցերը։ Հատուկ ուշադրության հարց էր գլոբալ ինտերնետ ենթակառուցվածքների կայուն աշխատանքի ապահովումը, ներառյալ IP հասցեների համակարգման և DNS համակարգի համաշխարհային օպերացիոն անվտանգության խնդիրները։

Հանդիպման կարևոր թեմատիկ ուղղություններից էր նաև «Համընդհանուր ընդունում» համաշխարհային շարժման և միջազգայնացված դոմեննային անունների առաջխաղացումը,  որի նպատակը տարբեր լեզուներին և գրային համակարգերին համացանցում լիարժեք աջակցությունն ապահովելն է։  ICANN-ն այս ուղղությունը դիտարկում է որպես ինտերնետի համընդհանուր հասանելիության և թվային հավասարության ապահովման հիմնարար բաղադրիչ։

ICANN86-ի շրջանակում անցկացվել են նաև մի շարք բարձր մակարդակի աշխատանքային քննարկումներ և թեմատիկ նիստեր, այդ թվում՝ կառավարական խորհրդատվական կոմիտեի (Governmental Advisory Committee) բաց նիստեր, DNSSEC անվտանգության տեխնիկական քննարկումներ, ինչպես նաև՝ համայնքային նախաձեռնություններ, որոնք վերաբերում են ինտերնետի կառավարման տարբեր հատվածների միջև համագործակցության ընդլայնմանը։ Քննարկվել են նաև քաղաքականության մշակման ընթացիկ գործընթացները ICANN-ի հիմնական աջակցության կազմակերությունների շրջանակում՝ ներառյալ դոմենային անունների քաղաքականության, IP հասցեների կառավարման և ccTLD համակարգերի զարգացման ուղղությունները, որոնք ձևավորում են գլոբալ ինտերնետային ենթակառուցվածքի միասնական քաղաքական միջավայրը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը