Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ որպես համաշխարհային նշանակության մարզական իրադարձություն, 48 հավաքականներին ու նրանց երկրպագուներին կենտրոնացրել է մարզադաշտերում և միաժամանակ «մարդաշատություն» ու «խցանումներ» է առաջացրել համացանցում՝ ինտերնետի դիմակայության առումով յուրատեսակ փորձություն դառնալով։
Սա առիթ է դարձել, որ գլոբալ «Ինտերնետ հանրությունը» ինտերնետային համակարգերը «մրցադաշտ դուրս բերի» և կազմակերպի ինտերնետի դիմակայության «Աշխարհի գավաթ»։ 100 միավորանոց սանդղակով գնահատվել է 179 երկրում ինտերնետի դիմակայությունը, որը ներառում է ենթակառուցվածքները, շուկայական պատրաստվածությունը, աշխատունակությունը և անվտանգությունը։
Internet Society-ի «The World Cup of Internet Resilience» վերլուծությունում, խաղերի ընթացքում շարունակաբար ներկայացնելով ցուցանիշները, արձանագրում է, որ անգամ տեխնոլոգիապես զարգացած երկրները լիովին ապահովագրված չեն ինտերնետի դիմակայության նվազումից։
Այսպես, Անգլիայի ցուցանիշը 72 է 100 հնարավորից։ Ամենաշատ այցելվող կայքերի 80%-ը հասանելի է երկրի ներսում գործող սերվերից կամ քեշից, ինչը նվազեցնում է արտաքին կապուղիներից կախվածությունը և արագացնում տվյալների փոխանցումը։ Սակայն DNS հարցումների միայն 13%-ն է պաշտպանված DNSSEC-ով։
Արգենտինայի ինտերնետի դիմակայության գնահատականը 59/100 է։ Երկրի ուժեղ կողմը ցանցերի փոխկապակցվածությունն է․ ակտիվ ցանցերի 82%-ը ինտերնետ թրաֆիկի փոխանակման կետերի՝ IXP-ների անդամ է կամ դրանց անդամների հաճախորդ։ Մինչդեռ .ar դոմենների 1%-ից պակասն է պաշտպանված DNSSEC տեխնոլոգիայով։
Ինտերնետի դիմակայության առաջնությունում այս պահին Իսպանիա VS Արգենտինա զույգից հաղթում է Իսպանիան 70%:59% «հաշվով»` 100% հնարավորից:
Բրազիլիան ինտերնետ ծառայությունների մատուցման՝ ISP շուկայում մրցակցության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։ Թույլ կողմը երթուղավորման անվտանգության ցուցանիշներն են՝ միայն 2026-ի մայիսին արձանագրվել է երթուղավորման անվտանգության 7 միջադեպ։ Այսպիսով, Բրազիլիայի ինտերնետի դիմակայության ընդհանուր գնահատականը 67 միավոր է՝ 100 հնարավորից։
Մյուս երկրների ցուցանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Այսուհանդերձ, «թվային աշխարհի գավաթի» հիմնական եզրակացությունը պարզ է․ ինտերնետի դիմակայունությունը մեկ ցուցանիշով չի որոշվում։ Արագ կապը դեռ անվտանգ ինտերնետ չի նշանակում, բարձր հասանելիությունը՝ բավարար տեղական ենթակառուցվածք, իսկ զարգացած ցանցը՝ ժամանակակից տեխնոլոգիաների լիարժեք կիրառում։
Ըստ այդմ, երկրների համար առաջնահերթ պետք է լինի ոչ միայն ինտերնետ հասանելիության ընդլայնումը, այլև տեղական թրաֆիկի փոխանակման զարգացումը՝ IXP-ների միջոցով, DNSSEC-ի և IPv6-ի ներդրումը, տվյալների տեղական ենթակառուցվածքների ամրապնդումը։ Internet Society-ի գնահատմամբ՝ հենց այս գործոնների համադրությունն է ձևավորում ավելի կայուն և խափանումներին դիմակայող ինտերնետ։




























