Skip to main content

ICANN87-ում քննարկվել են ինտերնետի անվտանգության և դոմենային համակարգի զարգացման հարցերը

Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի 87-րդ տարեկան հանրային հանդիպումը հոկտեմբերի 17–22-ը Ինդոնեզիայի Բալի կղզում համախմբել էր կառավարությունների, տեխնիկական համայնքի, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ավելի քան 150 երկրից։

ICANN87-ի օրակարգում ներառված ավելի քան 100 աշխատանքային նիստերում մասնակիցներն անդրադարձել են համացանցի անվտանգությանն ու կայունությանը, դոմենային անունների համակարգի (DNS) զարգացմանը և միջազգային համագործակցությանը։

Հայաստանից ICANN87-ի աշխատանքներին մասնակցել է .am և .հայ դոմենների ռեգիսր՝ «Ինտերնետ հասարակություն» հասարկական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

«Ոլորտի առաջընթաց քայլերին տեղեկենալու և համաշխարհային գործընթացներում որոշակի մասնակցության լավ հնարավորություն է մեր գործուն ներկայությունը ինտերնետ կառավարման գլոբալ միջոցառումներին»,- նշել է Քրիստինա Հակոբյանը։

ICANN87-ի քննարկումների կարևոր ուղղություններից մեկը DNS-ի չարաշահումների կանխարգելումն էր, ինչպես նաև դոմենային անունների գրանցման տվյալների մշակման և պահպանության քաղաքականությունը, նոր ընդհանուր վերին մակարդակի դոմենային տիրույթների (New gTLD) ծրագրի իրականացմանը և համացանցի եզակի իդենտիֆիկատոր համակարգերի կանոնակարգումը։

ICANN-ի նախագահ և գործադիր տնօրեն Քուրթիս Լինդքվիստն ընդգծել է ռազմավարական առաջնահերթությունների, ֆինանսավորման և դրանց իրականացման միջև կապն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ մշակած լուծումները պետք է վերածվեն արդյունավետ գործողությունների։

ICANN87-ում ևս մեկ անգամ արձանագրվել է բազմաշահառու կառավարման կարևորությունը։ Այն ապահովում է  տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությունը համացանցի զարգացմանն առնչվող որոշումների մշակմանն ու համակարգմանը։ Նշվել է, որ կառավարման բազմաշահառու մոդելը կարևոր է համաշխարհային ինտերնետի անվտանգությունը, կայունությունը և տարբեր համակարգերի փոխգործունակությունն ապահովելու համար։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը