Skip to main content

ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց

Ինտերնետ կառավարման հայկական տասներորդ դպրոցը` ArmSIG 2026-ը, սեպտեմբերի 19–20-ն Ալավերդի համայնքում մեկտեղել էր Լուռու մարզի 6 բնակավայրերից ավելի քան 30 անձանց, այդ թվում՝ դպրոցականների, կրթության ոլորտի, քաղաքացիական հասարակության և մասնավոր ու հանրային հատվածների ներկայացուցիչների։

«Թվային գրագիտություն և անվտանգություն AI դարաշրջանում» խորագրով դպրոցը կազմակերպել էր «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ «Ինտերնետ հասարակություն հիմնադրամի» և RIPE NCC-ի աջակցությամբ, «Ինտերնետ հասարակություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ողջունելով մասնակիցներին՝ ԻՀՀՀ ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը կարևորեց հենց մարզերում ArmSIG անցկացնելու փաստը. «Ինտերնետ կառավաման հայաստանյան դպրոցն արդեն 5-րդ անգամ անցկացվում է մայրաքաղաքից դուրս։ Մեզ համար կարևոր է արդիական գիտելիքն ու թվային տեխնոլոգիաներից անվտանգ և արդյունավետ օգտվելու մեթոդները ներկայացնել հնարավորինս լայն լսարանի՝ նպաստելով կրթության, բիզնես, հասրակական և այլ ոլորտների ավելի արդյունավետ աշխատանքին»։

Ինտերնետ հանրություն ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանն էլ ընդգծեց ինտերնետի՝ որպես անսպառ ու մշտապես համալրվող կրթական ռեսուրսի կարևորությունը. «ArmSIG-ի նպատակն է, որ հնարաորինս շատ լինի այն մարդկանց թիվը, ովքեր համացանցն օգտագործում են իրենց գիտելիքը թարմացնելու, մասնագիտական հնարավորություններն ընդլայնելու, ընդհանրապես առօրյան ավելի արդյունավետ կազմակերպելու համար՝ խուսափելով կիբեռթակարդներից»։

Հոբելյանական՝ տասներորդ ArmSIG-ում բանախոսները ներկայացրին AI զարգացումն ու կիրառման անվտանգ մեթոդները, խոսեցին անձնական տվյալների պաշտպանության սկզբունքների, կիբեռհիգիենայի և թվային միջավայրում անվտանգ վարքագծի մասին։ Առանձին քննարկման թեմա էր սոցիալական հարթակների օգտագործման հնարավոր ռիսկերը և անվտանգ օգտվելու կանոնները։

Համաձայն մասնակիցների արձագանքների՝ երկօրյա դասընթացի թեմաները գործնական նշանակություն ունեն տարբեր խմբերի համար։

«Գիտելիքը լրացնել-թարմացնելու հնարավորություն էր ArmSIG2026-ին մասնակցելը։  Վստահ եմ, բոլորս էլ նոր տեղակությունները փոխանցելու ենք գործընկերներին և կիրառելու ենք մեր առօրյայում։ Ավելին՝ հույս ունեմ, որ դպրոցի կազմակերպիչների հետ հետագա համագործակցության առիթներ կստեղծենք»,- ընդգծեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Դասընթացի ավարտին տրվեցին հավաստագրեր, իսկ քննարկումների ակտիվ մասնակիցներին՝ նաև նվերներ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը