Համաշխարհային դոմենային շուկան ընդամենը մեկ տասնամյակ առաջ մեծ մասամբ հիմնված էր մի քանի ավանդական տիրույթների վրա։ Մինչդեռ այսօր արդեն New gTLD-ները դարձել են դոմենային արդյունաբերության ամենաարագ զարգացող հատվածը։
Նոր ընդհանուր նշանակության վերին մակարդակի դոմենների (new generic Top-Level Domains, new gTLD) թիվը 2026-ի երկրորդ եռամսյակում հասել է 52,9 միլիոնի։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13,4 միլիոնով կամ 34 %-ով ավելի է և զգալիորեն գերազանցում է համաշխարհային դոմենային շուկայի ընդհանուր 8,1 % տարեկան աճը։
Ինչպես վկայում է Domain Name Industry Brief (DNIB)-ի զեկույցը՝ թվային ներկայություն ստեղծող կազմակերպությունների և անհատներիի աճող հետաքրքրությունը New gTLD-ների հանդեպ բացատրվում է մի քանի գործոնով։
Առաջինը դոմենային անունների ընտրության ավելի լայն հնարավորություններն են։ Ավանդական դոմենային տիրույթներում բազմաթիվ կարճ և հիշվող անուններ վաղուց գրանցված են, իսկ նոր տիրույթները դեռևս հնարավորություն են տալիս գտնել ավելի համապատասխան և հեշտ հիշվող հասցեներ։
Երկրորդ կարևոր գործոնը բրենդավորումն է։ Ժամանակակից ընկերությունները հաճախ ընտրում են այնպիսի դոմեններ, որոնք անմիջապես ցույց են տալիս իրենց գործունեության ոլորտը։ Օրինակ՝ տեխնոլոգիական ընկերությունները կարող են օգտագործել .tech կամ .io, առցանց խանութները՝ .shop կամ .store, իսկ թվային ծառայություններ մատուցողները՝ .app կամ .online։ Այս մոտեցումը ոչ միայն հեշտացնում է օգտատերերի համար կայքի թեմատիկայի ընկալումը, այլև նպաստում է բրենդի ճանաչելիությանը։
DNIB զեկույցն անդրադարձել է նաև legacy gTLD-ներին՝ ավանդական ընդհանուր նշանակության տիրույթներին, ինչպիսիք են .org, .info և .biz (առանց .com և .net-ի)։ Դրանց դրանց ընդհանուր թիվը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 21,0 միլիոն, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 14,9 %-ով։ Թեև այս աճը զգալիորեն զիջում է new gTLD-ների ցուցանիշին, սակայն վկայում է, որ ընդհանուր նշանակության տիրույթների նկատմամբ պահանջարկը շարունակում է պահպանվել։
Այսպիսով New gTLD-ների տարածումը կարևոր նշանակություն ունի նաև ինտերնետի մրցակցային միջավայրի զարգացման հարցում։ Ավելի մեծ ընտրությունը խթանում է նորարարությունը, ընդլայնում բիզնեսների թվային ինքնությունը ձևավորելու հնարավորությունները և նպաստում դոմենային շուկայի հավասարակշռված զարգացմանը։




























