Ինտերնետի տեխնիկական հիմքերը փոփոխություններ են կրում և որոշ մարտահրավերներ առաջ բերում։ Դրանցից են ցանցերի փոխկապակցման (peering) ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք, համաձայն գլոբալ Internet Society-ի հրապարակած նոր վերլուծության, կարող են վտանգել ինտերնետի բաց և դիմակայուն կառուցվածքը։
Ավանդաբար ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները միանում էին տեղական Ինտերնետ փոխանակման կետերին (IXP), որտեղ տվյալները փոխանակվում էին նույն երկրում կամ տարածաշրջանում։ Սա ապահովում էր ավելի արագ, կայուն և արդյունավետ կապ։
Սակայն, ինչպես նշված է վերլուծության մեջ, խոշոր բովանդակային հարթակները և որոշ օպերատորներ աստիճանաբար անցնում են վիրտուալ փիրինգի (Virtual Peering) կամ ուղղակի մասնավոր կապերի մոդելին։ Այդ դեպքում փոքր օպերատորները ստիպված են իրենց թրաֆիկը փոխանցել խոշոր միջնորդ ցանցերի միջոցով՝ տեղական փոխանակման կետերը շրջանցելով։
Վերլուծության հեղինակների գնահատմամբ՝ նման մոտեցումը կարճ ժամկետում կարող է թվալ արդյունավետ, սակայն երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է տեղական ենթակառուցվածքների նշանակությունը, մեծացնում կախվածությունը միջազգային կապուղիներից և ստեղծում ձախողման կենտրոնացված կետեր։
Internet Society-ին այս իրավիճակը բնութագրում է որպես «դիմակայունության ծուղակ» (resilience trap)։ Ըստ կազմակերպության՝ ինտերնետի ուժը միշտ եղել է հազարավոր անկախ ցանցերի փոխկապակցված և ապակենտրոնացված կառուցվածքը։ Երբ տեղական կապերը փոխարինվում են մի քանի խոշոր միջնորդների միջոցով իրականացվող կապերով, աճում են մենաշնորհային ռիսկերը և ամբողջ երկրների մակարդակով կապի խափանումների հավանականությունը։
Internet Society-ը կոչ է անում պահպանել ինտերնետի ֆիզիկապես տեղական և չեզոք փոխկապակցման մոդելը՝ առաջնահերթություն տալով տեղական IXP-ների զարգացմանը, ներառական peering-ի քաղաքականություններին և համայնքային կառավարմանը։
Հայաստանի համար այս քննարկումները հատկապես կարևոր են։ Տեղական ինտերնետ ենթակառուցվածքների զարգացումը, IXP-ների արդյունավետ աշխատանքը և միջազգային կախվածությունների նվազեցումը կարող են մեծ դեր ունենալ ազգային թվային դիմակայունության, ծառայությունների հասանելիության և կիբեռանվտանգության ամրապնդման գործում։




























