Կիբեռանվտանգության, թվայնացման, ինտերնետի կառավարման և հարակից տեխնոլոգիական ոլորտներում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու և իրենց փորձն ու ներուժը մեկտեղելու նպատակով համագործակցության հուշագիր են ստորագրել «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունն ու «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» (ՀՏՀԳ) հիմնադրամը։
«Ավելի քան երեք տասնամյակ «Ինտերնետ հանրությունը» ներգրավված է ինտերնետի կառավարման, թվային ներառականության, կիբեռանվտանգության և կարողությունների զարգացման ծրագրերում։ Վստահ եմ, որ ՀՏՀԳ հիմնադրամի հետ համագործակցությունը հնարավորություն կտա այդ փորձը համադրելու նոր նախաձեռնություններում՝ նպաստելով Հայաստանի թվային զարգացմանը և միջազգային լավագույն փորձի կիրառմանը»,– նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։
«Թվային փոխակերպումը հնարավոր չէ իրականացնել միայն պետական կառույցների ջանքերով։ Այն պահանջում է վստահելի գործընկերություն, մասնագիտական գիտելիքի համադրում և տարբեր ոլորտների ակտիվ համագործակցություն։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ռազմավարական նախաձեռնությունների և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի երկարամյա փորձի համադրումը կնպաստի Հայաստանի կիբեռանվտանգության, թվայնացման և ինտերնետի կառավարման ոլորտներում նոր նախաձեռնությունների իրականացմանն ու մասնագիտական կարողությունների ամրապնդմանը։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կնպաստի ոչ միայն նոր ծրագրերի իրականացմանը, այլև Հայաստանում անվտանգ, բաց և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը»,- նշել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։
Հուշագրով սահմանվում է, որ կողմերը կարող են համատեղ կազմակերպել համաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ և դասընթացներ, պատրաստել տեղեկատվական և վերլուծական նյութեր, ինչպես նաև իրականացնել այլ ծրագրեր, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը։
Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով՝ հիմք ստեղծելով երկու կազմակերպությունների միջև շարունակական և համակարգված համագործակցության համար՝ ուղղված Հայաստանում անվտանգ, բաց և կայուն թվային միջավայրի զարգացմանը։




























