Արհեստական բանականությունը կարող է օգտագործվել թե՛ հանրային ծառայությունները զարգացնելու, թե՛ մարդկանց վերահսկելու և առցանց բովանդակությունը սահմանափակելու նպատակով։ Այս մասին ArmIGF2026 համաժողովում խոսել է RKS Global-ի իրավական հարցերով գլխավոր պատասխանատու, ԱԲ կառավարման և կարգավորման հետազոտող Դմիտրի Կուտեյնիկովը։
Նրա ներկայացրած «Human versus Model» հետազոտությունն ուսումնասիրում է, թե 9 երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանն ինչպես են ԱԲ-ն կիրառում բովանդակության վերահսկման և մարդկանց կառավարման համար։
Հետազոտության համաձայն՝ տեխնոլոգիաների կիրառումն ավելի արագ է զարգանում, քան դրանց նկատմամբ իրավական վերահսկողությունը։ Նշված երկրները տարբեր մակարդակներում են կարգավորում ԱԲ-ն։ Ղազախստանն ու Ղրղզստանն ունեն ԱԲ-ին վերաբերող օրենքներ, Ռուսաստանում նոր օրենքն ուժի մեջ է մտել 2026-ի սեպտեմբերին։ Ադրբեջանն ու Ուզբեկստանը մշակել են որոշակի կարգավորումներ, Տաջիկստանն ունի զարգացման ռազմավարություն, իսկ Հայաստանը, Բելառուսն ու Վրաստանը դեռ չունեն ԱԲ-ի մասին օրենք կամ մանրամասն ռազմավարություն։
Կուտեյնիկովի մտահոգություններից մեկն այն է, որ գործող կարգավորումները հաճախ չեն տարածվում անվտանգության և իրավապահ մարմինների վրա։ Միաժամանակ, բոլոր ուսումնասիրված երկրներում կիրառվում կամ ներդրվում են դեմքի ճանաչման համակարգեր։ Շատ դեպքերում տեխնոլոգիաները գործարկվում են նախքան դրանց օգտագործման հստակ կանոնների սահմանումը՝ առանց բավարար անկախ վերահսկողության։
Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ առցանց բովանդակության սահմանափակումը հասանելի գործիք է բոլոր ուսումնասիրված պետությունների համար։ Հայաստանը և Վրաստանը, ըստ զեկույցի, մյուս երկրների համեմատությամբ՝ կայքերն արգելափակում են ավելի ընտրողաբար։ Մյուս կողմից՝ յոթ երկրներ արդեն ունեն կամ մշակում են սեփական ԱԲ մոդելներ։ Դրանց կիրառության դեպքում կարևոր է հասկանալ՝ ո՞վ է որոշում, թե ի՞նչ բովանդակություն կարող են ստեղծել այդ համակարգերը և ի՞նչ տեղեկատվություն հասանելի կլինի օգտատերերին։
Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրությամբ առանձնացվել է երեք ուղղություն՝
- ԱԲ կարգավորում,
- Հսկողության տեխնոլոգիաներ,
- Անձի նույնականացման առաջարկներ։
Հայաստանը ստորագրել, բայց դեռ չի վավերացրել Եվրոպայի խորհրդի «Արհեստական բանականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության մասին» շրջանակային կոնվենցիան։ ԱԲ ռազմավարությունը մշակման փուլում է, իսկ առանձին օրենք դեռ չկա։ Հետազոտության համաձայն՝ 2025-ից ոստիկանությունը կարող է հանրային տեսախցիկներն օգտագործել կենսաչափական նույնականացման համար։




























