Skip to main content

Արհեստական բանականությունը հեշտացնում է աշխատանքը, բայց չի կարող փոխարինել մարդուն

Արհեստական բանականության գործիքների կիրառումն արագացնում է տվյալների մշակումը, վերլուծությունը և տարբեր ծառայություններ, բայց առաջ է բերում նաև անձնական տվյալների և մարդու իրավունքների պաշտպանության, թափանցիկության, հաշվետվողականության խնդիրներ։ Այս հարցերին անդրադարձել են ArmIGF2026-ի «Բազմաշահառու կառավարում՝ արհեստական բանականությունը, տվյալների պաշտպանությունը և թվային վստահությունը» խորագրով թեմատիկ քննարկմանը։

Այն վարել է անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը։ Բանախոսներն էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային փոխակերպման և քաղաքականությունների մշակման մասնագետ Տաթևիկ Գրիգորյանը, RKS Global-ի գլխավոր իրավաբանական տնօրեն, ԱԲ կառավարման և կարգավորման ոլորտի հետազոտող Դմիտրի Կուտեյնիկովը, CyberHUB-AM-ի համահիմնադիր, մեդիափորձագետ Արթուր Պապյանը և EasyPay-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Արմեն Վիրաբյանը։

RKS Global-ի գլխավոր իրավաբանական տնօրեն Դմիտրի Կուտեյնիկովը ներկայացրել է «Human versus Model» հետազոտությունը։ Այն ուսումնասիրել է, թե եվրասիական 9 երկրում բովանդակության և մարդկանց վերահսկման նպատակով ինչպես է կիրառվում ԱԲ-ն։ Հայաստանում համեմատաբար հազվադեպ է սահմանափակվում առցանց բովանդակությունը, սակայն մտահոգիչ են ոլորտը կարգավորելուն ուղղված մի քանի նախաձեռնություններ, որոնցից է օրինակ, հանրային վայրերում տեսախցիկների միջոցով կենսաչափական նույնականացում իրականացնելու հնարավորությունը թույլատող նախագիծը։ Ըստ բանախոսի՝ անձի ինքնությունը պետք է բացահայտվի միայն իրավասու մարմնի որոշմամբ՝ կոնկրետ դեպքերում, իսկ միասնական նույնականացման համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է գնահատել տվյալների պաշտպանության ռիսկերը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային փոխակերպման և քաղաքականությունների մշակման մասնագետ Տաթևիկ Գրիգորյանը շեշտել է, որ տվյալների կառավարման և թվային փոխակերպման հիմքում պետք է լինի  մարդու իրավունքների պաշտպանությունը Նա առանձնացրել է անձնական տվյալների չարաշահման, ավտոմատացված որոշումների, պատասխանատվության մեխանիզմների բացակայության ռիսկերը։ Բանախոսը նաև ընդգծել է, որ առանց ամբողջական, հավաստի և ներառական տվյալների հնարավոր չէ ստեղծել վստահելի ԱԲ համակարգեր։

Տեսնել ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը