Skip to main content

Թվային Հայաստանի զարգացումը պահանջում է կապի ենթակառուցվածքների արդիականացում և հավասար հասանելիություն

Հայաստանի թվային զարգացման համար միայն բջջային կապի աշխարհագրական ծածկույթ ապահովելը բավարար չէ։ Կարևոր է, որ բնակիչները, այդ թվում՝ գյուղական ու հեռավոր համայնքներում, ունենան արագ և հուսալի ինտերնետ, իսկ թվային ծառայություններն ապահովող ենթակառուցվածքները լինեն անվտանգ, փոխկապակցված և դիմակայուն։ Այս հարցերն են քննարկվել ArmIGF2026-ի «Միասնական թվային Հայաստան․ տարածաշրջանային կապակցվածություն, թվային հանրային ենթակառուցվածք և հավասար հասանելիություն» խորագրով թեմատիկ քննարկմանը։

Այն վարել է «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։ Մասնակցել են Համաշխարհային բանկի թվայնացման մասնագետ Հիմմաթ Սինգ Սանդհուն, «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ, ARMIX-ի նախագահ Ալբերտ Տոնեյանը, EdgeSimplify ընկերության ամպային համակարգերի և ենթակառուցվածքային ցանցերի ղեկավար Ամիր Սոլեյմանին և Տեղեկատվական համակարգերի գործակալությունից Շանթ Քասարդջյանը։

ՀԲ-ի մասնագետը, ներկայացնելուվ Հայաստանում լայնաշերտ ինտերնետի հասանելիության ուսումնասիրության նախնական արդյունքները, տեղեկացրել է, որ երկրի տարածքի գրեթե 100%-ն ունի բջջային ինտերնետի այս կամ այն ծածկույթը, սակայն դա դեռ չի նշանակում, որ բոլոր բնակավայրերում հասանելի է բարձր արագությամբ և որակյալ կապ։ Տների 70-80%-ը միացված է ֆիքսված լայնաշերտ ինտերնետին, ընդ որում՝ շատ դեպքերում մինչև տուն հասնող վերջին հատվածն օպտիկամանրաթելային է, մինչդեռ ավելի քան 200 գյուղական բնակավայրերում կապի ավելի լայն՝ միջանկյալ հատվածներում օպտիկամանրաթելային ենթակառուցվածքը բացակայում է։

Խոսքը շուրջ 20 հազար տնային տնտեսության կամ 70-80 հազար մարդու մասին է։ Միաժամանակ նշվել է, որ շուրջ 30 հեռավոր գյուղում օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը կարող է տնտեսապես անարդյունավետ լինել։ Այդ բնակավայրերում հնարավոր լուծումներից են արբանյակային և այլ տեխնոլոգիաները։

Առնվազն 190 գյուղերում, ըստ նախնական գնահատման, նոր սերնդի օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը իրագործելի է։ Դրա համար անհրաժեշտ ներդրումը գնահատվել է 20–25 միլիոն դոլար։ Քանի որ բնակչության խտությունը ցածր է, այդ բնակավայրերում ներդրման մոտ 50%-ը, հավանաբար, պետք է ապահովվի պետական աջակցությամբ։ Օպերատորների ներդրումների վերադարձը կարող է տևել 5–10 տարի։

Տեսնել ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը