Թվային կառավարում, արհեստական բանականություն և իրավունքներ. տարածաշրջանների փորձը մեկ հարթակում

Բեռլինում մայիսին տեղի ունեցած տարածաշրջանային փորձի փոխանակման հանդիպմանը Հայաստանի, Սերբիայի, Ղրղզստանի և Գերմանիայի ներկայացուցիչները քննարկել են թվային կառավարման զարգացման ուղիներին և այդ գործում քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների ու փորձագիտական համայնքի դերին։

Չորս երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական կառույցների, թվային ոլորտի փորձագետների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին տրամադրվել է յուրահատուկ հարթակ՝ ուսումնասիրելու թվային կառավարման ապագային վերաբերող նոր միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները։ Ֆորսայթի (foresight) մեթոդաբանության կիրառմամբ մասնակիցները փոխանակել են փորձն ու տեսլականներն Արևելյան գործընկերության երկրների, Արևմտյան Բալկանների, Կենտրոնական Ասիայի և Եվրոպական միության տարածաշրջաններից՝ քննարկելով, թե ինչպես կարող են տարբեր շահառուներ նպաստել ավելի ներառական, ժողովրդավարական և մարդակենտրոն թվային քաղաքականությունների ձևավորմանը։

Ծրագրում ընդգրկված էին ինտերակտիվ քննարկումներ, գործընկերներից սովորելու (peer-to-peer learning) ձևաչափեր և համատեղ աշխատանքային հանդիպումներ, որոնք կենտրոնացած էին թվային կառավարման առանցքային թեմաների վրա, այդ թվում՝ տվյալների պաշտպանության, էթիկական արհեստական բանականության, թվային իրավունքների և բազմաշահառու համագործակցության հարցերի շուրջ։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն միջոցառմանը ներկայացնում էր կազմակերպության խորհրդի անդամ Կատարինա Գևորգյանը։

«Համագործակցությունն ամրապնդելու և թվային կառավարման ոլորտի մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ ընդհանուր պատկերացումներ ձևավորելու գործնական հնարավորություն են նման հանդիպումները։ Բազմակողմ այս երկխոսությունը կարևոր նախապայման է՝ ապահովելու համար ներառական, իրավունքների վրա հիմնված, հանրային շահին ծառայող թվային փոխակերպում»,- նշել է Կատարինա Գևորգյանը։

Միջոցառումն անցկացվել է GIZ-ի կողմից նախաձեռնված «Digital Democracy for All» (DD4ALL) ծրագրի շրջանակում։ Իրականացվել է «Public Administration Reform in the Eastern Partnership Countries III» և «Strengthening Civil Society in the Eastern Partnership Countries» տարածաշրջանային ծրագրերի սերտ համագործակցությամբ և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ։

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև FOICA, ISAA, dpHub, Digital Armenia Foundation և GIZ Armenia կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչը վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին տարածաշրջանային թվային կառավարման քննարկումներում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը