Հոբելյանական ArmSIG 2026-ը՝ Ինտերնետ կառավարման 10-րդ հայաստանյան դպրոցն անցկացվեց Ալավերդի համայնքում՝ «Թվային գրագիտություն և անվտանգություն AI դարաշրջանում» խորագրով։
Լոռու մարզի 6 բնակավայրի 30-ից ավել բնակիչ երկօրյա դասընթացում հնարավորություն ունեցան լսելու ոլորտի առաջատար փորձագետների և քննարկելու AI-ի հնարավորություններն ու ռիսկերը, անձնական տվյալների պաշտպանությանը, կիբեռհիգիենային, սոցիալական հարթակների անվտանգ օգտագործմանն առնչվող և առօրյա թվային կյանքում ավելի պաշտպանված լինելու գործնական հարցեր։
Տարբերր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ, այդ թվում՝ դպրոցականներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր ու հանրային հատվածների ներկայացուցիչներ ArmSIG-ում ստացան արդիական և կիրառելի գիտելիք։
Թե ի՞նչն է հատկապես օգտակար եղել և ի՞նչ թեմաների շուրջ են նրանք ակնկալում շարունակական աշխատանք, ներկայացնում են հենց իրենք՝ ArmSIG2026-ի մասնակիցները։
Վերգինե Սիմոնյան
Գովազդային գործակալության DGTL բաժնի ղեկավար
Թվային միջավայրում հնարավորինս անվտանգ ներկայության համար հիմնարար գիտելիք ստանալու հնարավորություն էր։ Հատկապես ուրախալի է, որ այդ հնարավորությունը տրամադրվել է մարզի բնակիչներին։
Արմինե Մնացականյան
Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի դասախոս
Ուսանողներիս ներկայացնելու նոր թեմաներ հուշեց ArmSIG-ը։ Հաջորդ դպրոցին կմասնակցեմ և նույնը խորհուրդ կտամ գործընկերներիս։
Սոֆի Թամազյան
Լոռու Շնող գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ
Կիբեռանվտանգության վերաբերյալ շատ ակտուալ հարցերի պատասխաններ ստացա։ Օրինակ՝ կակտիվացնեմ երկգործոն նույնականացումը։ Հնարավորության դեպքում հաճույքով կմասնակցեմ հաջորդ ArmSIG-ին։
Ասպրամ Ամիրջանյան
Ալավերդի համայնքի «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզ ՀՕԱԿ-ի տնօրեն
Ակնկալածիցս շատ ավելի արդյունավետ էր։ Հատկապես հետաքրքիր էր անձնական տվյալների, երեխաների իրավունքների պաշտպանությունն իրավական դաշտում դիտարկելը։ Աշխատանքն ավելի հեշտ կկազմակերպենք և՛ աշխատակիցների, և՛ ծնողների հետ։
Սուսաննա Բեկթաշյան
Լոռու Շնող գյուղի Հ. Մելիքսեթյանի անվան դպրոցի աշակերտ
Ամենակարևոր բացահայտումս՝ AI-ի զարգացումից վախենալ պետք չէ։ Դրանք ձևավորվում են մարդիկ՝ որպես հաշվողական գործիքներ։ Խուսափելու փոխարեն ավելի լավ է սովորենք դրանք ճիշտ օգտագործել։
Արմինե Պապյան
Լոռու Շնող գյուղի Մշակույթի տան տնօրեն
Ինձ անծանոթ շատ տեղեկություն ստացա։ Արդեն ավելի համարձակ կօգտվեմ ԱԲ գործիքներից, քանի որ ներկայցվեցին դրանց ռիսկերն ու արդյունավետությունը։ Սիրով կմասնակցեմ եկող տարվա Ինտերնետ կառավարման դպրոցին, որը մարզերում կազմակերպելը շատ կարևոր է։
Լուսինե Սիմոնյան
Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն
Գիտելիքը մշտապես լրացնել-թարմացնելը պարտադիր է։ Ուրախ եմ, որ ArmSIG-ում այդ հնարավորությունը եղավ։ Այստեղ էին դպրոցներից, մանկապարտեզներից, հինադրամներից ու հասարակական կազմակերպություններից։ Վստահ եմ, որ բոլորս էլ նոր տեղակությունները փոխանցելու ենք գործընկերներին և կիրառենք մեր առօրյայում։ Ավելին՝ հույս ունեմ, որ ArmSIG-ի կազմակերպիչների հետ հետագա համագործակցության առիթներ կստեղծենք։




























