Skip to main content

ԱԲ համակարգերը պետք է լինեն թափանցիկ, բացատրելի և տվյալների որակին համապատասխան

Հայաստանը 135 երկրների շարքում զբաղեցրել է 95-րդ տեղը՝ «Պատասխանատու ԱԲ գլոբալ ինդեքս» (GIRAI) 2026-ի զեկույցում։ Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովում (ArmIGF), ներկայացնելով ԱԲ կառավարման միջազգային միտումները, այս մասին տեղեկացրել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տարածաշրջանային տնօրեն Նատալյա Մոչուն։

Նոյեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած ArmIGF2026-ում «Հայաստանի ԱԲ ապագան․ նորարարությունից և ենթակառուցվածքներից դեպի պատասխանատու կառավարում» թեմատիկ քննարկմանն արձանագրվել է, որ արհեստական բանականության զարգացումը միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծմամբ չի սահմանափակվում։ Պահանջում է որակյալ տվյալներ, մասնագիտական ներուժ, անվտանգ միջավայր և պատասխանատու կառավարում։

Քննարկումը վարել է RIPE NCC-ի հանրային քաղաքականության և համայնքային կապերի ավագ խորհրդատու Վահան Հովսեփյանը։ Մասնակցել են նաև «Վիվա Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, COPA-ի համահիմնադիր Հենրիկ Սերգոյանը։

Արմեն Ավետիսյանի խոսքով՝ ԱԲ-ի և իրերի ինտերնետի համադրությունը կարող է էական նշանակություն ունենալ պաշտպանության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ջրային և այլ ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է ձևավորել համապետական համակարգված մոտեցում՝ առաջնահերթություն տալով կենսական նշանակության ոլորտներին։ Ավետիսյանի կարծիքով, Հայաստանի բազային ենթակառուցվածքների շուրջ 80%-ն արդեն պատրաստ է առանձին նախագծերից անցնելու համապետական համակարգված մոտեցման, պարզապես անհրաժեշտ է համապատասխան որոշում կայացնել։

Հենրիկ Սերգոյանն ընդգծել է տեղական ԱԲ մոդելների, հայերեն տվյալների և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար ինքնիշխան ԱԲ-ն կարող է հիմնվել բաց մոդելների տեղայնացման և սեփական, այդ թվում՝ անցանց աշխատող լուծումների ստեղծման վրա։ Սերգոյանի համոզմամբ՝ ԱԲ համակարգերը պետք է լինեն թափանցիկ, բացատրելի և համապատասխանեն տվյալների որակի պահանջներին։

Տեսնել ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը