Արհեստական բանականության դարաշրջանում ի՞նչ հմտություններ են պետք երիտասարդներին։ Եթե AI-ը կարող է ստեղծել, ինչո՞ւ պետք է գործատուն ընտրի այս կամ այն մասնագետին։
Այս հարցերն են քննարկվել նոյեմբերի 6-ին Երևանում կայացած YouthIGF Armenia2026-ում։ «AI գործիքներ. դեպի աշխատաշուկա | Tech2Skills» խորագրով երիտասարդական համաժողովը կազմակերպել էին «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունները։ Նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել աշխատաշուկայի փոփոխություններին ու խթանել AI գործիքների պատասխանատու և քննադատական կիրառումը։
Harmar-ի AI-ի հիմնադիր Արամ Մարգարյանը երիտասարդների հետ կիսվեց իր ստեղծելու փորձով՝ գաղափարից մինչև իրականացում, նշելով, որ ամեն ինչ հաջողել է առանց մեծ ծախսերի։
ARLOOPA-ի ավագ ծրագրավորող Դավիթ Նաջարյանի կարծիքով, AI-ի արդյունքը պարզապես չի կարելի ընդունել առանց ստուգման։ ARLOOPA-ն զարգացնում է AR/VR փորձառություններ, և նրա գործիքները կարող են տեքստից կամ պատկերից ստեղծել անգամ 3D մոդել։ Սակայն ստուգել պետք է և՛ մոդելի տեսքն ու մասշտաբը, և՛ AI-ի կատարած գործողությունների ճշգրտությունը, և՛ նրա պատասխանների հավաստիությունը։ Բանախոսի կարծիքով՝ ապագայի մասնագետից պահանջվում է չորս հմտություն. ձևակերպել խնդիրը, իմանալ հիմքերը, ստուգել արդյունքը, բացատրել սեփական որոշումը։
COPA-ի տվյալագետ և AI ինժեներ Մերի Դավթյանը նույն միտքը ներկայացրել է իրենց թիմի փորձով։ Ընկերությունը ստեղծում է որոշումների աջակցման AI գործիքներ, ինչպես, օրինակ՝ խորհրդարանական քննարկումները վերլուծող ParlOur-ը կամ մեդիամոնիթորինգի AI հարթակը։ Ապագայի մասնագետի համար նա առանձնացրել է յոթ հմտություն, որոնց թվում են քննադատական մտածողությունը, հարմարվողականությունը, մարդկանց հասկանալու կարողությունը և հանրային հաղորդակցությունը։
Արման Ասատրյանը Zeyro-ի օրինակով ցույց է տվել, որ տեղական շուկայի իմացությունը նույնպես արժեք է։ Ընկերությունը ներկայացել է որպես նոր սերնդի հայկական ԱԲ, որը կենտրոնացած է հայերենի և Հայաստանի օգտատերերի կարիքների վրա։




























