Հայաստանը բազմալեզու ինտերնետի տարածաշրջանային առաջատարներից է. ITU ներկայացուցիչ

Համընդհանուր ընդունումը (Universal Acceptance, UA) և բազմալեզու ինտերնետի զարգացումը կարող են առաջիկայում դառնալ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլոբալ թվային զարգացման քաղաքականության մաս։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի UA-ն ITU անդամ պետությունների կողմից պաշտոնապես ճանաչվի որպես առաջնահերթ ուղղություն։

Այս մասին Երևանում կայացած UADay2026 տարածաշրջանային համաժողովում հայտարարել է ITU տարածաշրջանային գրասենյակի ԱՊՀ ծրագրերի համակարգող Ֆարիդ Նախլին։

Նրա խոսքով՝ ITU-ում նոր տեխնոլոգիական և քաղաքական ուղղությունները նախ քննարկվում և համաձայնեցվում են անդամ պետությունների մակարդակով, որից հետո ձևավորվում են համապատասխան միջազգային մեխանիզմներ, ցուցիչներ և ծրագրեր։

«Նույն գործընթացի կարիքն այսօր կա նաև Համընդհանուր ընդունման (UA) և արհեստական բանականության (AI) գլոբալ կարգավորումների ձևավորման համար։ Դա կնպաստի թվայնացման ավելի արդյունավետ և ներառական լինելուն», — նշել է Ֆարիդ Նախլին։

Նա ընդգծել է, որ ITU-ն ինտերնետը համարում է ոչ միայն ենթակառուցվածք, այլև կրթական, բիզնես և սոցիալական հնարավորությունների միջավայր, որից բոլորը պետք է կարողանան լիարժեք օգտվել՝ անկախ լեզվական և մշակութային պատկանելությունից։

«UA-ի և AI-ի համընդհանուր կարգավորումների հարցերը, թեև լայնորեն քննարկվում են, սակայն դեռևս չունեն միասնական միջազգային համաձայնություն։ Այդ պատճառով ITU-ն այս փուլում ներկայացնում է տարբեր երկրների մոտեցումները՝ ներառյալ Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ պետությունների փորձը», — ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանի փորձին՝ Ֆարիդ Նախլին նշել է, որ Հայաստանը ազգային լեզուների թվայնացման և համացանցում դրանց հավասար ներկայացվածության ապահովման ուղղությամբ տարածաշրջանի առաջատար երկրներից է։

«Համընդհանուր ընդունման ցուցիչների կիրառմամբ մարդկանց համար ինտերնետը ժամանցից բացի, կդարձնենք իրական կրթական, տնտեսական և սոցիալական հնարավորություններից օգտվելու միջավայր։ Իսկ դա անհնար է առանց ներառականության և համացանցում բոլոր լեզուների լիարժեք ներկայացվածության», — ընդգծել է ITU-ի ներկայացուցիչը։

Երևանում անցկացված UADay2026 տարածաշրջանիային համաժողովը համախմբել էր միջազգային կազմակերպությունների, տեխնիկական և ակադեմիական համայնքների, պետական ու մասնավոր հատվածների, ինչպես նաև դոմենային համակարգի կառավարիչ կազմակերպությունների ներկայացուցիչների։ Քննարկումների հիմնական թեմաներն էին միջազգայնացված դոմենային անունների (IDN), ազգային այբուբեններով էլեկտրոնային հասցեների (EAI) և բազմալեզու ինտերնետի զարգացման հարցերը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը