Փակ աչքերով թենիս խաղալը կարող է անհնար թվալ։ Բայց հենց այդպես են թենիս՝ շոուդաուն խաղում տեսողական խնդիրներ ունեցողներն ու կույրերը։ Նրանց համար այս խաղում կողմնորոշիչը լսողությունն է, իսկ գնդակի ձայնին արագ արձագանքը և լիակատար կենտրոնացումը՝ հիմնական ուղեցույց։
«Չտեսնված» փոդքասթի երկրորդ էպիզոդում այս մասին զրուցել են չտեսնողների թենիսում՝ շոուդաուն մարզաձևում հաջողությունների հասած մարզիկներ Ռուզան Չաթոյանը և Անդրանիկ Քոչարյանը։ Նրանք վստահ են, որ ինչպես շոուդաունը, այնպես էլ այլ մարզաձևերն անձնապես իրենց ու համայնքի շատ ներկայացուցիչների համար բացի մրցության հնարավորությունից, նաև ինքնավստահության, ինքնադրսևորվելու և որոշ սահմաններ հաղթահարելու միջոց են։
«Շոուդաունը շուրջ 13 տարի առաջ Հայաստան բերեց Արմեն Նազարյանը։ Նա իր ու ընկերների միջոցներով ապահովեց պետքական գույքը։ Այսօր արդեն Հայաստանում այս սպորտաձևով զբաղվում է շուրջ 30 մարդ՝ և՛ կանայք, և՚ տղամարդիկ։ Երբեմն խաղին միանում են նաև տեսնողները, փորձում են, հավանում, բայց պարտվում են չտեսնողներին»,- պատմում է Անդրանիկ Քոչարյանը։
Ռուզան Չաթոյանն էլ հիշում է. «Շոուդաունն առաջինը փորձեցին Սիփան Ասատրյանը, Հակոբ Կարապետյանն ու Անդրանիկ Քոչարյանը, իսկ աղջիկներից նախ ինքս փորձեցի՝ Կույրերի մշակույթի տան նախկին տնօրեն, երջանկահիշատակ Յուրա Ավետիսյանի առաջարկով»։
Սոցիալական ինտեգրման, ակտիվ կյանքի հնարավորությունների ու դրսևորումների մասին պատմող «Չտեսնված» փոդքասթերի շարքը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախաձեռնությունն է։ Իրականցվում է Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան հետ համագործակցությամբ։ Համակարգում է փոդքասթեր Քրիստիան Գինոսյանը։ Նախագծի նպատակը տեսողական խնդիրներ ունեցող անձանց մեդիա հմտությունների զարգացումն է և նրանց ձայնը լսելի դարձնելը։
«Չտեսնվածը» շարունակական աշխատանքի մաս է, որն իրականացվում է նաև «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Դեռ 2024-ին կազմակերպությունը՝ Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union) աջակցությամբ, վերազինել է միության մշակույթի տանն ավելի վաղ ստեղծված «Մենք» ինտերնետային ռադիոյի ձայնագրման ստուդիան։ Այն ժամանակակից մեդիա բովանդակություն ստեղծելու տեխնիկական միջոցներ ունի և արդեն իրական են հարթակի վերագործարկման պլանները։
«Չտեսնված» փոդքասթի հեղինակները խոստանում են շարունակություն․ առաջիկա էպիզոդներում նրանք կանդրադառնան նոր թեմաների՝ նույնքան «չտեսնված», բայց կարևոր ու լսելի։




























