Համացանցում լեզվական բազմազանության ընդլայնման և բոլոր այբուբենների կիրառության հավասար պայմաններ ստեղծելու ընդհանուր նպատակի շրջանակում՝ Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ը, հանրային քննարկման է ներկայացրել լատինական գրային համակարգում հնչյունատարբերիչ՝ դիակրիտիկ նշանների կիրառմանը վերաբերող առաջարկությունները։ Դրանք կարող են հնարավորություն տալ գրանցելու և գործարկելու նույն դոմենային գոտու սովորական լատինատառ և դիակրիտիկ նշաններով տարբերակները։
Հնչյունատարբերիչ նշանները տառերին ավելացվող հատուկ նշաններ են, որոնք կիրառվում են տարբեր լեզուներում։ Օրինակ՝ ֆրանսերենում՝ é, è, ç, գերմաներենում՝ ö, ü, իսպաներենում՝ ñ, չեխերենում՝ č, š։ Դրանք լեզվի գրավոր համակարգի մաս են և կարևոր են բառերի ու անունների ճիշտ ներկայացման համար։
Գործող կանոնների համաձայն՝ տեսքով չափազանց նման դոմենային անունները կարող են սահմանափակվել՝ օգտատերերի շփոթությունն ու հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով։ ICANN-ի նոր առաջարկությունները նախատեսում են հստակ պայմաններ, որոնց պահպանմամբ հնարավոր կլինի կիրառել նույն դոմենի՝ դիակրիտիկ նշաններով և առանց դրանց տարբերակները։ Կարևոր պայմաններից է, որ երկու տարբերակներն էլ կառավարվեն նույն ռեգիսր կազմակերպության կողմից։
Առաջարկությունների մշակմամբ զբաղվել է ICANN-ի Ընդհանուր անունների աջակցման կազմակերպության՝ GNSO-ի աշխատանքային խումբը։ Վերջնական զեկույցը ներառում է 45 քաղաքական առաջարկություն և իրականացման 12 ուղեցույց։ GNSO խորհուրդը հավանություն է տվել փաթեթին և այն ներկայացրել ICANN-ի տնօրենների խորհրդին։
Հանրային քննարկումը մեկնարկել է նոյեմբերի և կշարունակվի մինչև 2027-ի հունվարի 6-ը։ Քաղաքականության վերջնական ընդունման և իրականացման ժամկետները դեռ որոշված չեն։
Դիակրիտիկ նշանների կիրառումը թույլ կտա որոշ լեզուներով դոմենային անունները ներկայացնել ավելի ճիշտ՝ առանց տառերը պարզեցնելու կամ բաց թողնելու և կնպաստի դոմենային համակարգի անվտանգությունն ու կայունությունը պահպանելուն, ինչպես նաև նմանատիպ հասցեների պատճառով առաջացող շփոթությունը կանխելուն։




























