Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի (World Summit on the Information Society — WSIS+20) բարձր մակարդակի միջոցառումն այս տարի կանցկացվի դեկտեմբերին։
ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող WSIS+20 գործընթացը միավորում է կազմակերպության 32 գործակալություն։ Կոչված է սահմանելու և վերանայելու ինտերնետի կառավարման ու գլոբալ թվային համագործակցության ընդհանուր սկզբունքները։ Դրանք առաջին անգամ հաստատվել են 2003-ին՝ Ժնեւի, ապա 2005-ին՝ Թունիսի երկփուլ համաժողովում՝ վերջին 20 տարիների համար և կառավարությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, ակադեմիաիկան ու տեխնիկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինտերնետի բազմաշահառու, ներառական կառավարման այս մոդելի պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև տեխնոլոգիաները մարդու իրավունքների պաշտպանությանը ծառայեցնելու կարևորությանն է անդրադարձել Տեխնիկական համայնքի բազմաշահառու կոալիցիան (Technical Community Coalition for Multistakeholderism — TCCM)՝ WSIS+20 եզրափակիչ փաստաթղթի իր դիտարկումներում։
Շուրջ 50 կազմակերպություններ ներկայացնող կոալիցիան, ողջունելով Ինտերնետ կառավարման համաժողովին (IGF) մշտական մանդատ տրամադրելու առաջարկը, ընդգծել է IGF-ի ֆինանսավորման կայուն և բազմակողմանի մոդելի ստեղծման անհրաժեշտությունը։
TCCM-ը նշում է՝ WSIS+20 եզրափակիչ փաստաթղթի սկզբնական տարբերակում առկա՝ «պետական վերահսկողությամբ կամ մասնատված ինտերնետային մոդելները վտանգում են ինտերնետի գլոբալ ամբողջականությունը» ձևակերպումը վերականգնելու կարևորությունը՝ շեշտելով ինտերնետի մասնատման վտանգը։
Տեխնիկական համայնքի բազմաշահառու կոալիցիայի դիտարկումներին, տարբեր երկրների 30 գործընկերների թվում, միացել է նաև .am և .հայ դոմենների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։
«Կոալիցիայի կազմում լինելով` վերահաստատում ենք մի պարզ, բայց կարևոր սկզբունք՝ ինտերնետը պետք է պահպանվի ու զարգանա որպես բաց, միասնական և բոլորի համար հասանելի միջավայր։ Գլոբալ համագործակցությունը, համատեղ ջանքերը և բազմաշահառու մոդելի ամրապնդումը կարևոր են, որպեսզի բարձրացնենք թվային միջավայրի հանդեպ վստահությունը և ապահովենք նրա զարգացումը՝ հօգուտ հասարակության», — նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։




























