Դոմենային ինդուստրիայի ավելի քան 180 մասնագետ է մասնակցել ԱՊՀ երկրների, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ռեգիստրների ու ռեգիստրարների 17-րդ միջազգային համաժողովին (TLDCON)՝ սեպտեմբերի 5-6-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։
Հայաստանը TLDCON 2024-ում ներկայացրել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Աննա Կարախանյանը։ Նա անդրադարձել է .am եւ .հայ տիրույթներում գրանցումների վիճակագրությանը, աշխարահագրական ծածկույթին։ Կարախանյանը նաեւ տեղեկացրել է դոմենների գրանցման գործընթացի բարելավման նպատակով «Ինտերնետ հանրության» ջանքերին։ Նշել, որ նոր սահմանված կարգով հայաստանյան նոր ռեգիստրարները պետք է ունենան ինտերնետային կայք, այդ կայքում դոմենային անուների գրանցման եւ սպասարկման համակարգ։
Երկօրյա համաժողովի 6 բաժինների թեմատիկ քննարկումներում բանախոսներն անդրադարձել են նաեւ ինտերնետի գլոբալ կառավարման եւ դոմենային ինդուստրիայի խնդիրներին, նորագույն միտումներին ու փոխգործակցության հնարավորություններին։
Համացանցի գլոբալ կառավարման համատեքստում դիտարկվել են Ինտերնետ կառավարման համաժողովը (IGF), Համաշխարհային թվային պայմանագիրը (GDC) եւ Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովը (WSIS)՝ որպես ինտերնետի բազմաշահառու կառավարման մոդելի պահպանման եւ զարգացման հարթակներ։
Հատուկ ընդգծվել է ազգային լեզուներով դոմենների (IDNs) զարգացման եւ Համընդհանուր ընդունումն (UA) ամբողջացնելու ուղղությամբ ռեգիստրների համագործակցության կարեւորությունը՝ ինտերնետը բազմալեզու եւ առավել հասանելի դարձնելու համար։
2008-ից կազմակերպվող TLDCON միջազգային համաժողովները նախաձեռնում է .ru/.рф տիրույթների համակարգման կենտրոնը՝ տարբեր երկրների կոդ հանդիսացող վերին մակարդակի դոմենների (ccTLD) ռեգիստրարներին ինտերնետին առնչվող հարցերի քննարկման շուրջ միավորելու նպատակով։