Թուղթ ու մատիտով հաշվարկներից մինչև տիեզերք. ինչպես Վոհանը դարձավ NASA-ի առաջին աֆրոամերիկուհի ծրագրավորողը

Դորոթի Վոհանը մանկուց մաթեմատիկայի հանդեպ հատուկ հետաքրքրություն և ոչ սովորական ընդունակություններ ուներ։  Թեև 1910-ին Ամերիկայում ծնված աֆրոամերիկացի աղջկա համար կրթությունը ինքնին պայքար էր, Դորոթին ոչ միայն համալսարանում սովորելու, այլև մաթեմատիկայի ուսուցիչ աշխատելու համառություն ցուցաբերեց։

Իսկ երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գիտնականների, ինժեներների ու հաշվարկողների խիստ կարիք զգաց երկիրը, նա հայտնվեց NACA-ի Լենգլի հետազոտական կենտրոնում։

Այստեղ ստեղծված «West Area Computing» բաժինը, որի կազմում որպես «կին համակարգիչներ» աշխատում էին աֆրոամերիկուհիներ։ Նրանք թուղթ ու մատիտով օր ու գիշեր կատարում էին այն կարևորագույն հաշվարկները, որոնց վրա պիտի հենվեր ամերիկյան ավիացիան։

Դորոթին 1943-ից աշխատում էր այդ բաժնում և շուտով առանձնանացավ իր կարողություններով ու անթերի աշխատանքով։ Այդ համադրությունը նրան բերեց առաջնորդության. 1949-ին Դորոթի Վոհանին նշանակեցին խմբի ղեկավար, ինչն ամեն առումով անսովոր էր՝ աֆրոամերիկուհին ղեկավար պաշտոնում, տեխնիկական միջավայրում այդ տարիների Ամերիկայում։

1950-ականների սկզբի տեխնոլոգիական առաջընթացը՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների գործարկումը, կարող էր բացառել խմբի գոյությունը, եթե չլիներ Դորոթիի հաստատուն համառությունն ու համարձակությունը։ Նա առաջինը և լիովին ինքնուրույն սովորեց ծրագրավորում և Fortran ծրագրավորման լեզուն, ապա սովորեցրեց բաժնի աշխատակիցներին։ Սա պարզապես նոր հմտության զարգացում չէր, այլ տասնյակ աֆրոամերիկուհի գիտնականների մասնագիտական պետքության անհերքելի ապացույց։

1958-ին NACA-ն վերածվեց NASA-ի։ Սեգրեգացիան պաշտոնապես վերացվեց, բայց դա ինքնին դեռ չէր նշանակում հավասարություն։ Այդ տարիներին Դորոթի Վոհանն արդեն մասնագիտացած ծրագրավորող էր և մասնակցում էր հրթիռային ծրագրերի հաշվարկներին, այդ թվում՝ Scout ծրագրին։ Նրա հաշվարկները բառացիորեն թռիչքների հիմքում էին, իսկ անունը՝ ստվերված ու անհայտ։

1971-ին՝ 61 տարեկանում, նա թոշակի անցավ՝ չստանալով NASA-ում այլ պաշտոն վարելու հնարավորություն։ Գործուն գիտնականի, վեց երեխաների մոր կենսագրության նշանակալի դրվագները, այդ թվում՝ Տիեզերական մրցավազքի ժամանակաշրջանում «Մերկուրի» նախագծում աշխատելու փաստը, հանրությանը հայտնի դարձավ միայն նրա մահից ութ տարի անց։

2016-ին էկրան բարձացավ «Թաքնված կերպարներ» ֆիլմը՝ ՝ նկարահանված Մարգո Լի Շեթերլիի համանուն գրքի հիման վրա, ներկայացվեց Դորոթի Վոհանի և նրա ղեկավարությամբ աշխատած ևս երկու աֆրոամերիկուհի մաթեմատիկոսների՝ Քեթրին Ջոնսոնի և Մերի Ջեքսոնի կյանքն ու գործունեությունը։ ԱՄՆ-ն Դորոթի Վոհանի ներդրումը գնահատեց մի շարք բարձր պարգևներով․ մասնավորապես՝ 2019-ին նրան հետմահու շնորհվեց Կոնգրեսի Ոսկե մեդալը, իսկ մեկ տարի անց տիեզերք արձակվեց նրա պատվին անվանակոչված հրթիռ։

«Կանայք ՏՏ ոլորտում» շարքի մյուս նյութերը՝ այստեղ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը