Համակարգչից ավելի ճշգրիտ ու ավելի արագ հաշվարկներով հայտնի Քեթրին Ջոնսոնը NASA-ի «կին-համակարգիչ» համարվող տասնյակ աֆրոամերիկուհի աշխատակիցներից էր։ Նա ԱՄՆ գիտառազմական այդ կարևորագույն կառույցի West Area Computer բաժնում աշխատելու հնարավորություն էր ստացել 1953-ին՝ 35 տարեկանում, երբ արդեն երեք դուստրերի մայր էր, ուներ մաթեմատիկայի և ֆրանսերենի ուսուցչի աշխատանքային փորձ։
Մինչև այդ ստիպված էր Ջոնսոն ընտանիքի մյուս երեք երեխաների՝ իր քույր-եղբայրների հետ տարին երկու անգամ 200 կիլոմետր կտրել-անցնել աֆրոամերիկացիների քոլեջում սովորելու համար։ Հետագայում՝ տարիներ օրական գոնե մեկ անգամ 2000 քայլ տարածություն էր անցնում աշխատավայրում՝ NASA-ում արտաքնոց հասնելու համար։
Սակայն 4 տարեկանից դրսևորված մաթեմատիկական անհավանական կարողությունները ժամանակի ընթացքում բացառեցին բոլոր տեսակի խտրանականությունները։ Բուհ-երն իրենց ուսանողուհի Քեթրինի համար մաթեմատիկայի հատուկ դասընթացներ մշակեցին, իսկ NASA-ն՝ հենց նրան վստահեց կարևորագույն նախագծրեի հաշվարկներն ու ուսումնասիրությունները։
Եվ 1961-ին Mercury-Redstone 3, իսկ 1962-ին Mercury-Atlas 6 տիեզերանավերի ենթաուղեծրային և Երկիրի ուղեծրի շուրջ լիարժեք թռիչքները կազմակերպելիս, Միացյալ Նահանգները հիմնվեցին Քեթրին Ջոնսոնի թուղթ ու գրիչով արած հաշվարկների վրա, ինչն ապահովեց ոչ միայն թռիչքների, այլև տիեզերագնացներ Ալան Շեփարդի ու Ջոն Գլենի վերադարձը։ Ի դեպ Ջոն Գլենը NASA-ի ղեկավարությանը պայման էր ներկայացրել թռիչքն իրականացնելու համար՝ ասելով. «Զանգահարե՛ք Քեթրինին։ Եթե նա ասի, որ ամեն ինչ կարգին է, ապա ես պատրաստ եմ»։
Աշխատանքի սկզբունքը նույնն էր նաև մարդուն Լուսին հասցրած «Ապոլոն-11» և այլ նախագծերի իրականացման ընթացքում, որին անգնահատելի մասնակցություն է ունեցել Քեթրին Ջոնսոնը, իր մեկ այլ աֆրոամերիկուհի գործընկերուհի Մերի Ջեքսոնի և անմիջական ղեկավար՝ Դորոտի Վոգանի հետ։ «Բոլորը մտահոգված էին նրանց տեղ հասնելու, մենք՝ նրանց վերադարձի համար»,- 2010-ի հարցազրույցում ասել է Ջոնսոնը։
Այս հրաշալի եռյակի գոյության ու գործի մասին աշխարհն իմացավ 2016-ին, երբ հրատարակվեց և էկրանավորվեց Մարգո Լի Շեթլերի «Թաքցված կերպարներ» գիրքը։ Նույն թվականին BBC-ին Ջոնսոնին ներառեց աշխարհի 100 ազդեցիկ կանանց ցանկ։ NASA-ն նրա անունով կոչեց իր հետազոտական կենտրոններից երկուսը, Lego-ն իր Women of NASA շարքում ստեղծեց նաև Քեթրինի կերպարը։ Երկու տարի անց՝ 2018-ին Mattel-ը թողարկեց Ջոնսոնի նմանությամբ Բարբի տիկնիկ, իսկ ծննդավայրի՝ Արևմտյան Վիրջինիայի պետական համալսարանը Ջոնսոնի անվան STEM կրթաթոշակ սահմանեց և նրա իրական չափերով արձանը կանգնեցրեց համալսարանի տարածքում: «Ազատության նախագահական մեդալը», որը նրա առաջին պարգևն էր, շնորհեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ 2015-ին։
Մեծարման ու գնահատանքի թվարկված դրսևորումները եղան իր ողջության օրոք՝ Քեթրին Ջոնսոնն ապրեց 101 տարի, որից 33-ը նա իմաստավորեց NASA-ի տարբեր բաժիններում կատարած աշխատանքով։
«Կանայք ՏՏ ոլորտում» շարքի մյուս նյութերը՝ այստեղ։





























