Հայաստանը բազմալեզու ինտերնետի զարգացման առաջնագծում է

Բազմալեզու գլոբալ ինտերնետի զարգացումն այն աշխատանքն է, որը հնարավոր չէ միայնակ իրականացնել։ Սա համատեղ պատասխանատվություն է։ Այս մասին խոսել է ICANN-ի գլոբալ տիրույթների և ռազմավարության ավագ փոխնախագահ Թերեզա Սվայնհարթը՝ Երևանում օրերս տեղի ունեցած «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» տարածաշրջանային համաժողովում։

«Մեր խնդիրն է ինտերնետը դարձնել լիարժեք համընդհանուր՝ անկախ լեզվից և գրությունից։ Սա ինքնաբերաբար չի իրականանա․ այն պահանջում է շարունակական աշխատանք, որպեսզի յուրաքանչյուրն ունենա համացանցի բոլոր հնարավորություններից իր մայրենի լեզվով օգտվելու մատչելիություն», — ասել է նա։

Ավելի քան 120 երկիր միավորող «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance, UA) համաշխարհային շարժումը տարեցտարի ընդլայնում է իր ազդեցությունը՝ Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիայի (ICANN)-ի բազմակողմ համագործակցության շնորհիվ։

Համընդհանուր ընդունման օրվա շրջանակում «Ինտերնետ հանրություն» ՀԿ կազմակերպած չորրորդ համաժողովում Թերեզա Սվայնհարթը նշել է, որ շարժման գործընթացներում Հայաստանն ակտիվ դեր ունի։

«Հայաստանը փոքր երկիր է, սակայն նրա ազդեցությունը տարածվում է սահմաններից դուրս։ Երբ հայերենը կիրառվում է դոմենային անուններում կամ էլեկտրոնային հասցեներում և անխափան աշխատում բոլոր համակարգերում, հնարավոր է դառնում կապել մարդկանց, ընտանիքներին և կազմակերպություններին՝ անկախ աշխարհագրական սահմաններից։ Սա նաև օգնում է պահպանել Սփյուռքի միասնականությունը», — նշել է նա։

Սվայնհարթի խոսքով՝ Հայաստանում ձևավորված համագործակցային մոդելը, որը միավորում է պետական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը, ակադեմիական ոլորտը, տեխնիկական և մասնավոր համայնքներին, կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար։ Նրա գնահատմամբ՝ տեղական նախաձեռնությունները, այդ թվում UA ծրագրերը, նպաստում են գործնական լուծումների մշակմանը, մասնավորապես՝ հայերեն և կիրիլյան գրությամբ էլեկտրոնային հասցեների փորձարկման հարթակների ստեղծմանը։

Նա նաև ընդգծել է, որ «Համընդհանուր ընդունում» շարժումն այժմ անցումային փուլում է՝ իրազեկումից դեպի գործնական կիրառում։ Այդ նպատակով նախաձեռնությունը ներառվել է ICANN-ի 2026–2030 ռազմավարական ծրագրում, ձևավորվել է մասնագիտացված թիմ, իրականացվում են վերապատրաստման ծրագրեր և այլ համակարգային քայլեր։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը