Համացանցում հայերեն բովանդակության հարստացման, .հայ դոմենի առաջխաղացման և հայերենի թվային զարգացման հարցերը քննարկվել են «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանի և ԿԳՄՍՆ «Լեզվի կոմիտեի» նախագահ Սիրանուշ Դվոյանի հանդիպմանը, որը նախաձեռնվել է «Համընդհանուր ընդունում» միջազգային օրվան և այդ առիթով Երևանում մարտի վերջին նախատեսվող համաժողովին ընդառաջ։
Քրիստինա Հակոբյանը ներկայացրել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ գործունեությունը՝ ընդգծելով, որ հայոց լեզվի լիարժեք ներկայացվածությունը համացանցում ռազմավարական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ կարևոր քայլ էր Հայաստանի միանալը «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance) համաշխարհային շարժմանը, որի նպատակն է ապահովել բոլոր լեզուների և դոմենային անունների լիարժեք աջակցությունը համացանցում։
Նա նշել է, որ որպես հնագույն և ինքնուրույն այբուբեն ունեցող լեզու՝ հայերենը պետք է ունենա իր արժանի տեղը գլոբալ թվային միջավայրում։ Հայերենով հաղորդակցվելու հնարավորությունների ընդլայնումը ոչ միայն նպաստում է ազգային ինքնության պահպանմանը, այլև լուծում է գործնական խնդիրներ՝ ապահովելով համացանցի հասանելիությունը հասարակության ավելի լայն շրջանակների համար։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև համացանցում հայերեն բովանդակության զարգացմանն ուղղված ամենամյա ծրագրերը, այդ թվում՝ «Վիքիմեդիա»-ի հետ իրականացվող համագործակցությունը։
Սիրանուշ Դվոյանն իր հերթին ներկայացրել է Լեզվի կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված հայոց լեզվի թվային փոխակերպմանը, համացանցում հայերեն բովանդակության ընդլայնմանը և դրա որակի բարելավմանը։ Նա կարևորել է պետական և մասնագիտական կառույցների համագործակցությունը՝ հայերենի կիրառությունը թվային միջավայրում ընդլայնելու համար։
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցությունը՝ հատկապես .հայ դոմենի առավել լայն կիրառման, հայերեն բովանդակության զարգացման, ինչպես նաև թվային տերմինաբանության և թվային հայերենի ձևավորման ուղղությամբ։ Նախատեսվում է համատեղ նախաձեռնությունների իրականացում, որոնք կնպաստեն հայերենի դիրքերի ամրապնդմանը գլոբալ ինտերնետ միջավայրում։




























