Լուսին հասնելու ճանապարհը հարթած կանայք. «Ապոլոն 14»-ի Երկիր վերադարձից 55 տարի անց

Ամերիկացի երեք աստղագնաց Ստյուարտ Ռուսան, Էդգար Միտչելն ու Ալան Շեփարդը 9 օր և 2 րոպե տևած «Ապոլոն 14» առաքելության ընթացքում երկու անգամ դուրս եկան Լուսնի մակերևույթ, 42.80 կիլոգրամ նմուշ հավաքեցին, Շեփարդն իր հետ տարած գոլֆի 2 գնդակ նետեց ու վերադարձան Երկիր։

Աշխարհն իմացավ ու գնահատեց աստղագնացների հաջողությունը, հավատաց և գուցե ինքն էլ ստեղծեց հազար ու մի առասպել այնտեղ՝ Լուսնի վրա նրանց արած-չարածի, տեսած-չտեսածի մասին։

Իսկ գիտական աշխարհը մարդկության տիեզերական նվաճումների օրացույցում 1971-ի փետրվարի 9-ն ամրագրեց որպես «Ապոլոն 14»-ի Երկիր վերադարձի օր և անցավ տիեզերքն ուսումնասիրելու այլ մակարդակ։

Սակայն այդ հաջողության պատմության մեջ երկար ժամանակ գրեթե անտեսված էր մի կարևոր հանգամանք՝ 1960-ականների տիեզերական մրցավազքը միայն տիեզերագնացների ու հրթիռների պատմությունը չէր։ NASA-ում դեռևս 1940-ականների սկզբից աշխատում էին հարյուրավոր կանայք՝ որպես մաթեմատիկոսներ, «կին համակարգիչներ», ծրագրավորողներ և ինժեներներ։ Նրանց հաշվարկների վրա էին հիմնված թռիչքների ուղեծրերի հստակեցումը, վառելիքի ծախսի մոդելները, Լուսնի շուրջ մանևրելու սխեմաները և վերադարձի անվտանգությունը։

Առանձնահատուկ դեր ուներ ծրագրավորող Մարգրեթ Համիլթոնը։ Նա ղեկավարում էր «Ապոլոն» ծրագրի բորտի ծրագրային ապահովման մշակումը։ Երիտասարդ գիտնականի ղակավարությամբ ստեղծված ծրագրերը թույլ տվեցին «Ապոլոն 14»-ին նախորդած «Ապոլոն 11»-ի վայրէջքի ժամանակ կանխել համակարգի վթարը և ապահովել պատմական վայրէջքը Լուսնի վրա։ Համիլթոնի աշխատանքը ձևավորեց ծրագրային ճարտարագիտության ժամանակակից հասկացությունը՝ որպես ինժեներական առանձին ճյուղ։

Մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնի հաշվարկները կենսական էին թե՛ Լուսին հասնելու, թե՛ Երկիր վերադարձի համար։ Նա ձեռքով՝ ուղղակի թուղթ ու գրիչով վերահաշվարկում էր ինքնաշխատ համակարգերի արդյունքները՝ ապահովելով թռիչքների ճշգրտությունն ու անվտանգությունը։ Ջոնսոնի մաթեմատիկական մոդելները կիրառվել են «Մերկուրի», «Ջեմինի» և «Ապոլոն» ծրագրերում։

Դորոթի Վոհանը, որը ղեկավարում էր NASA-ի աֆրոամերիկացի կին հաշվարկողների խումբը, ժամանակին հասկացավ տեխնոլոգիական փոփոխությունների վտանգը և առաջիններից մեկը յուրացրեց ծրագրավորումը՝ սովորեցնելով այն իր ենթականերին։ Վոհանի շնորհիվ տասնյակ կանայք կարողացան պահպանել իրենց մասնագիտական որակավորումը համակարգիչների դարաշրջանում և ներգրավվել «Ապոլոն» ծրագրի հաշվողական աշխատանքներում։

Մերի Ջեքսոնը, լինելով ինժեներ և աերոդինամիկայի մասնագետ, աշխատում էր թռիչքային փորձարկումների տվյալների վրա։ Նրա աշխատանքն ուղղված էր հրթիռների և տիեզերական սարքերի կառուցվածքային կատարելագործմանը և կարևոր էր այն տեխնիկական լուծումների համար, որոնք կիրառվեցին «Ապոլոն» ծրագրում։

NASA-ում որպես «կին համակարգիչ» հայտնված այս կանայք բացառիկ իմացությունների ու գիտական շրջադարձի ժամանակահատվածում մասնագիտական կարողությունների սրընթաց նորացման դիմեցին և եղան պահանջված աշխատակիցներ տասնամյակներ շարունակ, սակայն նույնչափ էլ՝ տասնամյակներ մնացին անհայտ ու չգնահատված։

Միայն 2016-ին  պատմական ուսումնասիրությունների և մշակութային անդրադարձների շնորհիվ, այդ թվում՝ «Թաքցված կերպարներ» ֆիլմի միջոցով, որը Մարգո Լի Շեթերլիի համանուն գրքի էկրանավորումն է, հանրությանը հայտնի դարձավ կին գիտնականների աննախադեպ աշխատանքը, որը մեծապես նպաստել է  մարդկության գիտագործնական առաջընթացին՝ Տիեզերքի ուսումնասիրման և ՏՏ ոլորտներում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը