Մարդկության ամենահամարձակ առաքելություններից մեկի՝ Լուսնի վրա վայրէջքի ծրագրային ապահովումը, պարզվում է՝ կնոջ ձեռքի գործ է։ Դեռ 20-րդ դարի կեսերին, երբ ծրագրավորումը նոր-նոր էր ձևավորվում ու համակարգիչները գրավում էին մի քանի սենյակ, ամերիկացի մաթեմատիկոս Մարգարեթ Համիլթոնն արդեն գրում էր կոդ, որը փրկելու էր նշյալ առաքելությունը` հուլսի 20-ին Լուսնի վրա վայրէջքը։
Համիլթոնի աշխատանքային առաջին զբաղվածությունը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում էր՝ օդերևութաբանության բաժնում եղանակը կանխատեսելու ծրագրեր էր գրում։ Հետո նրա կարողությունները պետք եղան Semi Automatic Ground Environment (SAGE) համակարգի մշակման գործում։ SAGE –ով ԱՄՆ զինված ուժերը հայտնաբերելու և տեղորոշելու էին հակառակորդի ինքնաթիռները։
Առանց ակադեմիական պատրաստվածության՝ ծրագրավորման ոլորտում նշանակալի գործ անող Մարգրեթը 1960-ականներին գլխավորեց NASA-ի «Ապոլոն» լուսնային առաքելության բորտային ծրագրերի մշակման գործը։ «Ապոլոն»-ի համար նախատեսված չէր ծրագրային ապահովում (software engineering), անգամ անվանումը չկար։
Եվ Համիլթոնը՝ իր երիտասարդ թիմի հետ, գործն սկսեց բառացիորեն զրոյից։ Աշխատում էին օր ու գիշեր, ծրագրերը կարդում՝ պերֆոքարտերով։ Մարգարեթը նաև հընթացս ձևավորեց ծրագրավորման նոր մշակույթ՝ շեշտադրելով կանխարգելիչ գործառույթը, որն օգնելու էր արտակարգ իրավիճակի դեպքում կենտրոնանալ հիմնական առաջադրանքի վրա և ապահովել դրա կատարումը։
Այդպես էլ եղավ, Լուսնի վրա վայրէջքից ընդամենը երեք րոպե առաջ համակարգիչը ձայնային ազդանշանով զգուշացրեց գերբեռնվածության մասին։ Ու հենց Համիլթոնի մշակած ծրագրային համակարգը կարողացավ վերլուծել իրավիճակը և ապահովել անվտանգ վայրէջքը։ Այս ճշգրիտ աշխատանքի շնորհիվ պատմական առաքելությունը՝ «Ապոլոն-11»-ի վայրէջքը լուսնի վրա տեղի ունեցավ 1969-ի հուլսի 20-ին։
Իր հաջողություններից հետո Մարգարեթ Համիլթոնը հիմնեց սեփական ընկերությունները և մշակեց USL լեզուն։ Նա կարողացավ նաև ապացուցել, որ ծրագրավորումն ինժեներական հմտություն է և արժանի է առանձին ուղղություն համարվելու, բացի դրանից՝ նաև անվանակոչեց այդ գործը software engineering։
«Կանայք ՏՏ ոլորտում» շարքի մյուս նյութերը՝ այստեղ։





























