Ինչու են ICANN-ի գործընթացները կարևոր Հայաստանի համար․ .am և .հայ դոմենների հնարավորությունները

Գլոբալ ինտերնետ կառավարման համակարգում առանցքային դեր ունի Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիան (Internet Corporation for Assigned Names and Numbers — ICANN)։

ICANN-ը կարգավորում է DNS համակարգը և ապահովում, որպեսզի աշխարհում օգտագործվող դոմեններն ու IP հասցեները գործեն միասնական և կայուն համակարգում։

ICANN-ի հանրային համաժողովները, ինչպիսին է օրերս Մումբայում կայացած ICANN85-ը, կարևոր հարթակ են ոչ միայն գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների, այլև փոքր և միջին երկրների համար։ Այստեղ ձևավորվում են այն քաղաքական և տեխնիկական սկզբունքները, որոնք հետագայում ազդում են ազգային դոմենային տիրույթների զարգացման վրա։

Հայաստանի համար այս գործընթացում առանձնահատուկ նշանակություն ունի երկրի կոդ հանդիսացող .am դոմենային տիրույթը։ Այն ներկայացնում է Հայաստանը համաշխարհային ինտերնետում և օգտագործվում է պետական կառույցների, բիզնեսների, մեդիայի և տեխնոլոգիական նախագծերի կողմից։ .am դոմենը նաև միջազգային հետաքրքրություն է ներկայացնում՝ շնորհիվ իր հակիրճ և բազմիմաստ հապավման։ Այն հաճախ օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ որպես բրենդային հապավում, օրինակ՝ Artificial Intelligence & Machine Learning, Asset Management, Additive Manufacturing, Augmented Marketing և այլ համատեքստերում։

ICANN-ի քաղաքականությունների կարևոր ուղղություններից է նաև միջազգայինացված դոմենային անունների (IDN) զարգացումը, որոնք թույլ են տալիս դոմեններ օգտագործել ոչ լատինական այբուբեններով։

Այս քաղաքականության շնորհիվ ստեղծվել է նաև հայկական .հայ դոմենային տիրույթը, որը հնարավորություն է տալիս կայքերի հասցեները գրել ամբողջությամբ հայերեն։ Սա կարևոր քայլ է հայերենի թվային ներկայության ընդլայնման և համացանցում մայրենի լեզվի կիրառության զարգացման համար։

Իսկ ինտերնետ կառավարմանը մասնակից դառնալու արդյունավետ ուղին ICANN-ի գործընթացներին մասնակցությունն է, ինչը հնարավոր է դառնում WSWS+20-ում և ICANN85-ում վերահաստատված բազմաշահառու կառավարման մոդելը։  Վերջինը հատկապես կարևոր է փոքր երկրների համար, քանի որ ICANN-ի գործընթացներին ակտիվ մասնակցությունը նպաստում է մի քանի կարևոր ուղղությունների զարգացմանը, մասնավորապես, համացանցի կառավարման համաշխարհային գործընթացներին մասնակցությունը, .am դոմենի միջազգային ճանաչելիության աճին, ինտերնետի տեխնիկական ենթակառուցվածքների կատարելագործմանը և այլն։ Այս առումով ICANN-ի հարթակները ոչ միայն տեխնիկական քննարկումների վայր են, այլ նաև հնարավորություն՝ փոքր երկրներին ամրապնդելու իրենց ներկայությունը գլոբալ թվային տարածքում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը