Պետության աջակցությունը նպաստում է ազգային այբուբենով դոմենների կիրառության ընդլայնմանը

Միջազգայնացված դոմենային անունների (IDN) համաշխարհային շուկայում Ռուսաստանի .рф և Բելառուսի .бел տիրույթները գործարկման պահից ընդգրկված են IDN-ների քանակով համաշխարհային թոփ-20-ում և կիրիլիցայով դոմենների շարքում շարունակում են զբաղեցնել առաջատար դիրքերը։ Ներկայում .рф տիրույթում գրանցումների թիվը շուրջ 797.000 է, իսկ .бел-ում՝ ավելի քան 15.400։

Փորձագիտական գնահատմամբ՝ այս արդյունքները պայմանավորված են ոչ միայն մասնագիտական հետևողական աշխատանքով, այլև երկու երկրներում պետության ակտիվ աջակցությամբ, ինչը զգալիորեն նպաստել է ազգային այբուբենով դոմենների կիրառության ընդլայնմանը և բազմալեզու ինտերնետի զարգացմանը։

Այս մասին խոսվել է մարտի 31-ին Երևանում կայացած «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» UADay2026 տարածաշրջանային համաժողովում, որը նախաձեռնել էր «Ինտերնետ հանրություն ՀԿ-ն՝ որպես .am և .հայ դոմենային անունների կառավարիչ։

Համաժողովի մասնակից .RU/.РФ տիրույթների համակարգող կենտրոնի գլխավոր վերլուծաբան Մարիա Կոլեսնիկովան ներկայացրել է բազմալեզու ինտերնետի զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով կրթական ոլորտի դերը։ Նրա խոսքով՝ ներկայում իրենց ուշադրության կենտրոնում են ակադեմիական համայնքը և կրթական հաստատաությունները, քանի որ երիտասարդներն առանցքային դեր ունեն ինտերնետի ապագայի ձևավորման գործում։ Նա նշել է, որ IDN-ների և էլ. հասցեների համընդհանուր ընդունումը ծրագրային ապահովման մեջ նպաստում է երիտասարդների ներգրավմանը և աջակցում է լեզվական ու մշակութային բազմազանության ընդլայնմանը թվային միջավայրում։

Բելառուսը ներկայացնող .BY/.БЕЛ տիրույթների կառավարիչ Hoster.by ընկերության տնօրեն Սերգեյ Պովալիշևը խոսել է .бел դոմենային տիրույթի օգտագործման կառուցվածքից։ Նրա տվյալներով՝ .бел-ում գրանցումների շուրջ 55%-ը ակտիվ կայքեր են, 19%-ը՝ վերահասցեագրվող դոմեններ (որոնց 91%-ը ուղղորդվում է դեպի լատինատառ .by տիրույթ), իսկ 26%-ը գրանցված է հետագայում օգտագործելու նպատակով։

Պովալիշևը նշել է նաև, որ .бел տիրույթում գրանցումներ կան 33 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Կանադայից, սակայն գրանցումների շուրջ 80%-ը Մինսկից է։ Ըստ  Hoster.by-ի անցկացրած հարցման՝ կիրիլիցայով դոմենները դիտվում են որպես երկրի կոդ հանդիսացող դոմենների այլընտրանք։ Դրանց կիրառությունը վստահություն է ներշնչում օգտատերերին, հեշտացնում է հիշվող և որոնելի հասցեների ձևավորումը, աջակցում է փոքր բիզնեսի զարգացմանը և կարող է ծառայել որպես լրացուցիչ գործիք նաև խոշոր ընկերությունների համար։

Համաժողովի կազմակերպիչների գնահատմամբ՝ կիրիլիցայով դոմենների փորձը ցույց է տալիս, որ պետական աջակցությունը, տեխնոլոգիական զարգացումները և կրթական նախաձեռնությունները կարող են վճռորոշ դեր ունենալ իրական բազմալեզու ինտերնետի ձևավորման գործում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը