ՏՏ ոլորտի և հատկապես արհեստական բանականության զարգացման համատեքստում լեզվի պահպանումն ու զարգացումը դուրս է եկել զուտ մշակութային ժառանգության ոլորտից։ Այն արդեն թվային իրավունքների ու տեխնոլոգիական հավասարության խնդիր է, որի լուծումից կախված է նաև լեզվի երկարակյացության ապահովումը։
Աշխարհում գոյություն ունի 8324 լեզու, սակայն, ընդհանուր հաշվով, կիրառվում է շուրջ 150–300 ինքնուրույն գրային համակարգ։ Այս մասին փաստվում է Լեզվական կառույցների համաշխարհային ատլասում (World Atlas of Languages Structures)։
Այսօր զգալի թվով լեզուներ լիարժեք ներկայացված չեն թվային միջավայրում, որը երկարատև ձևավորվել ու ընդլայնվել է բացառապես լատինական այբուբենով և անգլերեն լեզվով։ Առցանց բովանդակության շուրջ 25%-ն անգլերեն է, մինչդեռ անգլերենը մայրենի լեզու է աշխարհի բնակչության միայն շուրջ 5 %-ի համար։ Լեզվական խոչընդոտը մնում է ինտերնետ հասանելիության ամենաքիչ քննարկվող, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը։ Եվ հենց այն հաղթահարելուն է ուղղված շուրջ 200 երկիր ներառող «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance, UA) համաշխարահային շարժումը։
Այն նախաձեռնելով՝ Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիան (ICANN) նպատակ ունի ապահովել բոլոր վավեր դոմենային անունների և էլեկտրոնային հասցեների՝ անկախ օգտագործվող այբուբենից, ճանաչումն ու գործունակությունը բոլոր համակարգերում ու հավելվածներում։
Որևէ լեզվի թվային ներկայության կարևորագույն գործիքը միջազգայնացված դոմենային անուններն են (IDN)։ Դրանք թույլ են տալիս կայքերի հասցեները գրանցել ոչ լատինատառ գրությամբ։ IDN` ազգային այբուբենով դոմեն ունի 160 երկիր։
Հայատառ միջազգայնացված դոմենը՝ .հայ-ը գործում է ավելի քան տասը տարի և բավարարում է համընդհանուր ընդունման տեխնիկական պահանջները։ Դրանք ապահովել է .am և .հայ դոմենների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։ Կազմակերպությունը առաջիններից է միացել «Համընդհանուր ընդունում» համաշխարահային շարժմանը և շարունակական աշխատանքով ընդլայնում է .հայ դոմենային տիրույթը, որում շուրջ 850 գրանցում կա։
Ներկայում երկրների մոտ 85 %-ը և վերին մակարդակի ընդհանուր դոմենների (gTLD) շուրջ 40 %-ն արդեն աջակցում են միջազգայնացված դոմններին (IDN)։ Չնայած այս զգալի առաջընթացին, բազմաթիվ համակարգեր, հավելվածներ և էլեկտրոնային փոստի ծառայություններ դեռևս ոչ լիարժեք են աջակցում միջազգայնացված էլեկտրոնային հասցեներին (EAI)։
Այնուամենայնիվ, ինչպես UA պատրաստվածության, այնպես էլ Մայրենի լեզվի միջազգային օրվա լայն ընդգրկումը փաստում են, որ բազմալեզու, ներառական ինտերնետը ոչ թե ապագայի, այլ արդեն ընթացիկ գլոբալ փոփոխություն է։




























