Համացանցը վաղուց արդեն միայն լատինատառ միջավայր չէ։ Տարբեր լեզուներով, այբուբեններով և գրային համակարգերով հաղորդակցվող միլիարդավոր մարդկանց համար ինտերնետի լիարժեք հասանելիությունն այլևս պարզապես տեխնիկական ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։ Այս անհրաժեշտությունից է ծնվել «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance, UA)՝ համաշխարհային շարժումը, որը միավորում է շահագրգիռ կողմերին շուրջ 200 երկրից՝ միջազգայնացված դոմենային հասցեների (Internationalized Domain Names – IDNs) և դրանցով գործարկվող միջազգայնացված էլեկտրոնային փոստերի (Email Address Internationalization – EAIs) լիարժեք ընդունելիությունն ապահովելու նպատակով։
UA գաղափարը ձևավորվել է ոչ լատինատառ դոմեններն ու էլեկտրոնային հասցեները համացանցի բազմաթիվ ծառայությունների համար ճանաչելի և կիրառելի դարձնելու պարզ, բայց համակարգային խնդրի գիտակցումից։ Այսօր գոյություն ունեն տասնյակ ազգային դոմեններ՝ օրինակ .հայ (Հայաստան), .中国 (Չինաստան), .срб (Սերբիա), .ලංකා (Շրի Լանկա), որոնք տեխնիկապես վավեր են, սակայն հաճախ չեն ճանաչվում կամ ամբողջությամբ չեն աշխատում տարբեր համակարգերում և հավելվածներում։
Խնդրի համակարգված լուծման նպատակով Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիան (ICANN) ավելի քան տասը տարի առաջ նախաձեռնեց «Համընդհանուր ընդունում» շարժումը և դրա իրականացման համար՝ ոլորտի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ Apple, GoDaddy, Google, Microsoft և Verisign մասնակցությամբ, ստեղծեց Համընդհանուր ընդունման կառավարման խումբը (Universal Acceptance Steering Group – UASG)։
UASG-ի առաքելությունն է օգնել շահագրգիռ կողմերին՝ ծրագրային ապահովման մշակողներին, պետական և մասնավոր համակարգերի ադմինիստրատորներին, դոմենային ու էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, վերափոխել և UA-ready դարձնել իրենց համակարգերը։ Այդ նպատակով խումբը մշակել և բաց հասանելիությամբ հրապարակել է բազմաթիվ ուսումնական ծրագրեր, տեխնիկական ուղեցույցներ, վերլուծական փաստաթղթեր և գործնական նյութեր, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին թարմացնել ծրագրային լուծումները և ապահովել IDN ու EAI աջակցություն։
Թվային տիրույթում հավասար հնարավորությունների և համացանցում յուրաքանչյուրի ներկայության իրավունքն ապահովելու այս գործընթացին՝ «Համընդհանուր ընդունում» շարժմանը, Հայաստանը միացել է առաջիններից։ Հայատառ IDN-ի՝ .հայ դոմենային տիրույթի կառավարիչ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և տեխնիկական մասնագետների աշխատանքի շնորհիվ հայատառ դոմեններն ու էլեկտրոնային հասցեներն արդեն իսկ UA-ready են։ Սակայն լիարժեք և կայուն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համաշխարհային ինտերնետ համայնքի համատեղ և շարունակական աշխատանքը։




























