Ինչպես 15-ամյա հայ պատանին բացառիկ կարողություններով ապշեցրեց ինտերնետի «հայրերին»

«Հայաստանը գտնվում էր շատ բարդ տնտեսական, քաղաքական եւ տեխնոլոգիական իրավիճակում. ամեն ինչ խնդիր էր՝ սկսած էլեկտրաէներգիայի անջատումներից մինչեւ միջազգային վճարային միջոցների բացակայությունը։ .am դոմենի բազային սերվերների ստեղծման փուլն էր։ Եվ հենց այդ ժամանակ՝ 1994-ին, երբ ընդամենը 15-տարեկան էի, ինձ՝ մեզ բախտ վիճակվեց հանդիպել և աշխատել միասին»,- AMNIC տեխնիկական նախկին ադմինիստրատոր Էդգար Դանիելյանն այսպես է վերհիշում Հայաստան ինտերնետի մուտքի և .am դոմենի կայացման շրջանը։

Պատանու առանցքային մասնակցությունը նման կարևոր ու պատասխանատու գործին պայմանավորված էր նրա բացառիկ կարողություններով և անվերապահ հետաքրքրվածությամբ, ինչով օտարերկրյա գործընկերները նույնպես զարմացել ու հիացել էին։

Հայաստան ինտերնետի մուտքի ու .am դոմենային տիրույթի զարգացման պատմությունը ուշագրավ դրվագներով ներկայացրել են կարևոր դերակատարները՝ .am դոմենային տիրույթի կառավարիչ կազմակերպության՝ «Ինտերնաետ հանրություն» ՀԿ-ի գործունեության 30-ամյակին նվիրված «Համացանցի մեր տարածքը» ֆիլմում և համանուն ամսագրում։

Էդգար Դանիելյանը հետևյալն է պատմել.

«Հիմա հաճախ եմ հետ նայում և շատ գնահատում եմ այն դժվար, բայց նաև բեղուն ժամանակները։ Այժմ՝ ավելի քան 25 տարի անց, ջերմ ու բարեկամաբար եմ հիշում իմ գործընկերներին. արդեն ավելի քան 20 տարի է, ինչ արտերկրում եմ։

Դժվարություններն այնքան շատ էին, որ անհնար է հիմա անգամ թվարկել։ Դրանք ինչ-որ կերպ լուծվեցին՝ հաստատակամության, հնարամտության, ինչ-որ տեղ բախտի, իհարկե նաեւ՝ տարբեր տեղական ու միջազգային կազմակերպությունների եւ ընկերների օգնությամբ:

Իսկապես, բախտավոր էի, որ ունեի թե՛ հմտություններ, թե՛ առիթ՝ հայտնվելու ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում:

Կյանքիս մեծագույն նվաճումներից մեկն եմ համարում այդ աշխատանքը, որը արեցինք .am-ի մեկնարկի համար։ Բարդ ժամանակներ էին, Հայաստանում դրա կարիքը կարծես թե չկար, քանի որ դեռ չկար ինտերնետ կամ խիստ սահմանափակ էր։ Նույնիսկ կապի նախարարությունում չկային մարդիկ, ովքեր գիտակցեին դրա անհրաժեշտությունը։ Բայց կարեւորն այն է, որ մեր երկրում գտնվեցին ապագայի զարգացումները տեսնող անձինք։ Ու մենք էլ «Արմինկո»-ում բավական շատ աշխատանք կատարեցինք այդ նպատակով։

Ազգային դոմենային անունն ինքնիշխանության եւ պետականության խորհրդանիշներից մեկն է ժամանակակից աշխարհում։ Շատ կարևոր է, որ Հայաստանը պաշտպանի ու զարգացնի իր պետականությունը, իսկ ազգային դոմենային անունը դրա տեխնոլոգիական մասն է կազմում:

Անկասկած, ինտերնետը եւ, մասնավորապես, Հայաստանի ազգային դոմենային անունը կշարունակեն աճել՝ իրենց նշանակությամբ։ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական երկիր՝ գոյատեւելու համար»։

Հայաստան ինտերնետի մուտքի պատմության և «Ինտերնետ հանրություն» ՀԿ գործունեության մասին կարդացեք նաև «Օֆլայն mail-ից մինչև .am դոմեն․ ինտերնետի մուտքը Հայաստան՝ վերհիշում է Կոլյա Հովհաննիսյանը…» հրապակման մեջ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը